Ղրիմում կայացել է «Ուկրաինայի հայերը. երեկ այսօր, վաղը»<br /> երկրորդ միջազգային համաժողովը<br />


Ղրիմում կայացել է «Ուկրաինայի հայերը. երեկ այսօր, վաղը»
երկրորդ միջազգային համաժողովը

  • 10-09-2009 17:20:00   | Ուկրաինա  |  Քաղաքական
ՂՐԻՄ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 5-ին Ղրիմի Սուրբ Խաչ հայկական հինավուրց վանքի սեղանատանը իր աշխատանքն է սկսել հայոց պատմությանը նվիրված երկրորդ միջազգային համաժողովը: Վերականգնողական աշխատանքների ավարտից եւ հանդիսավոր օծումից հետո հինավուրց վանքը, որ հոգեւոր-կրթական կենտրոն է եղել, այսօր վերածնում է իր հոգեւոր եւ գիտական կենտրոնի փառքը: Վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցում պատարագ մատուցելուց հետո սեղանատանը հանդիսավոր պայմաններում բացվել է համաժողովը: Ուկրաինայի տարբեր մարզերից, ինչպես նաեւ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Լեհաստանից ժամանած գիտնականներին եւ հյուրերին ողջույնի խոսքով է դիմել համաժողովի կազմկոմիտեի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վերնադսկու անվան համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Ղրիմի հայ համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, համաժողովին մասնակցել եւ զեկուցումներով են հանդես եկել ավելի քան 30 մարդ: Համաժողովի ընթացքում հնչել են զեկուցումներ «Ղրիմի հայ բնակչության ներդրումը թերակղզու միջնադարյան մշակույթում», «Ղրիմի հայերը 1917-1926թթ.», «Լեհահայեր` վիրտուալ օտարականներ», «Ստեֆան Սուրոժսկու վարքագրության հայկական տարբերակը եւ Սուգդեյի հնագիտական իրողությունները», «Միջնադարյան հայկական տաճարների սեւ քարերը», «Armenia Maritima - Ծովային Հայաստան», «Սուրբ Նշան եկեղեցու կոնստրուկտիվ առանձնահատկությունները Ղրիմի բազիլիկ շինությունների շարքում», «Ստառի Կրիմ` հայկական քաղաք», «Սեւաստոպոլի հայկական Սբ. Աննայի եկեղեցու պատմությունը», «ԶԼՄ-ների կայացման եւ զարգացման խնդիրները Ղրիմի հայ համայնքի նորագույն պատմության մեջ» եւ այլ թեմաներով: Համաժողովն ավարտվել է սեպտեմբերի 6-ի երեկոյան, տոնական ճաշկերույթով:
Նոյյան տապան  -   Քաղաքական