2006 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ<br /> ԱՌԵՎՏՐԻ ՓԱՍՏԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 5 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ<br />


2006 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ
ԱՌԵՎՏՐԻ ՓԱՍՏԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 5 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

  • 14-06-2006 17:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միայն 2006թ. առաջին եռամսյակում կավատությամբ եւ մարդկանց առեւտրի փաստերով Հայաստանում հարուցվել է 5 քրեական գործ, որոնց նյութերի համաձայն սեռական շահագործման են ենթարկվել 57 անձինք, որոնցից 53-ը ՀՀ-ի եւ 4-ը Ուկրաինայի քաղաքացիներ են: Այս մասին լրագրողների հետ հունիսի 14-ի հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, Թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը: Նշված անձանցից 10-ը սեռական շահագործման են ենթարկվել ՀՀ-ում, իսկ 47-ը արտերկրում (45-ը` Արաբական Միացյալ Էմիրություններում, 2-ը` Թուրքիայում): Ըստ Կ.Բաբակեխյանի, մոտ 2 ամիս առաջ ՌԴ իրավապահ մարմինների հետ համատեղ գործողությունների շնորհիվ ՀՀ իրավապահները կանխել են Մոսկվայով 4 հայ կանանց Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու փորձը: Նշվեց, որ թրաֆիկինգի փաստերով հետախուզվում են Արաբական Միացյալ Էմիրությունում գտնվող 13 ՀՀ քաղաքացիներ: Կ.Բաբակեխյանը հայտնեց, որ հայկական կողմը մտադիր է դիմել ԱՄԷ-ի իրավապահ մարմիններին` հետախուզվողներին Հայաստան վերադարձնելու նպատակով: Կ.Բաբակեխյանը բնակչությանը կոչ արեց զգոն լինել եւ աշխատանքային թրաֆիկինգի զոհ չդառնալ: Նման գործունեություն իրականացնող գործակալությունները իրենց զոհերի փաստաթղթերի ձեւակերպումը հիմնականում իրականացնում են արտերկրում, ինչը կեղծիքների հնարավորություն է տալիս: Ոստիկանությունը դիմել է կառավարությանը` սահմանել աշխատանքի տեղավորման սունկի պես օրի-օրի ավելացող գործակալությունների, ինչպես նաեւ գիշերային զվարճանքի հաստատությունների լիցենզավորման կարգը: Ոստիկանությունը առաջարկել է նաեւ գիշերային զվարճանքի հաստատությունները դուրս բերել Երեւանի տարածքից, ինչպես արվեց խաղատների պարագայում: Ի պատասխան թղթակիցներից մեկի հարցի Կ.Բաբակեխյանը նշեց, որ Երեւանում մարզերից եկած մարմնավաճառների թիվը շուրջ 1000 է, մարմնավաճառների 3-4 տոկոսը 15-17 տարեկան անչափահասներ են: Ըստ նրա, արտագնա մարմնավաճառությամբ զբաղվող անչափահաս մարմնավաճառների թիվը հնարավոր չէ ճշտել, քանի որ նրանց անձնագրային տվյալները կեղծված են:
Նոյյան տապան  -   Հասարակություն