Dolmama will mark its 20th anniversary

Դեկտեմբերի 8-ին Դոլմաման կնշի իր 20-ամյակը

  • 08-12-2018 19:30:00   | Armenia  |  
Դեկտեմբերի 8-ին ժամը 19.30-ին Դոլմամա ռեստորանում (Պուշկին 10), կկայանա բարեգործական հոբելյանական ընթրիք, նվիրված  Դոլմամայի 20-ամյակին։ 
Երկրին ու ոլորտին մեծ նվիրումի շատ ոգևորիչ ու լուսավոր 20 տարի։ Դոլմամայում մեր առաքելությունը միշտ եղել է՝ Հայաստանը լավագույն ձևով ներկայացնել մեր հյուրերին։ Ու չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ մենք պատվով ու ամենավառ գույներով ենք կատարել մեր առաքելությունը։ 
 
Շատերը գիտեն, որ Դոլմաման արդեն տարիներ շարունակ աշխատում է նաև Գյումրիում ավերիչ երկրաշարժից 30 տարի անց դեռևս ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց տների տրամադրման ուղղությամբ։ Մենք ուզում ենք այս մարդկանց վերադարձնել արժանապատիվ ու լիարժեք ապրելու հնարավորությունը, ու մաքրել Գյումրին հնամաշ մետաղյա տնակների տեսարանից։ 
 
Արդեն ավանդույթի համաձայն, այս տարի դեկտեմբերի 8-ին ժամը 19.30-ին մենք բարեգործական ընթրիք կիրականացնենք՝ Գյումրիում նոր տուն գնելու և սահմանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովելու համար։
 
Եվ քանի որ սա հոբելյանական տարի է, մենք շատ ավելի մեծ ոգևորություն ենք ակնկալում՝ մեր հրավերին ի պատասխան։ Ուրախությամբ եմ ասում, որ ներկայացնելու ենք Պեռնո Ռիկարի պատվերով կազմված մեր նոր մենյուն, որն աննախադեպ է իր ճոխությամբ։ Ի լրումն այս ամենի, այդ օրը նաև իմ ծննդյան տարեդարձն է լինելու, որն, իհարկե, ավելի մեծ թիվ է, քան Դոլմամայի տարիքը։ Եվ պետք է ասեմ, որ ինձ համար ամենամեծ նվերը կլինի՝ սիրելի մարդկանց տեսնել Դոլմամայի տանիքի ներքո հավաքված՝ միասին իրականություն դարձնելով այս մեծ երազանքը։ 
 
Մեկ անձի մասնակցությունն արժե $150: Ընթրիքի ծախսերը հոգում է Դոլմաման, այնպես որ ընթրիքից ձևավորված ամբողջ հասույթը տրամադրվելու է մեր բարեգործական և մարդասիրական նպատակների իրականացմանը։
 
Տեղերը սահմանափակ են։ Խնդրում եմ, ամրագրեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով Դոլմամա ռեստորան (+37410561354) կամ կապ հաստատելով ինձ հետ։ 
Մենք հույս ունենք այս ուրախ երեկոն կիսել մեր հին ընկերների հետ, ովքեր միշտ այս ամենամյա ավանդույթի շատ կարևոր մասն են, և նոր ընկերների, ովքեր ցանկանում են մարդկանց ճակատագրերի փոփոխության մասը դառնալ։ 
 
  -