«Սողոմոն և Սողոմոն»․ Բաբկեն Չոբանյանը և Հայկ Մելիքյանը կներկայացնեն գոհաբանության ինքնատիպ երեկո

  • 24-09-2021 20:00:00   | Armenia  |  

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի գոհաբանության երեկո՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին: «Սողոմոն և Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը կընթերցի ամենավառ հատվածները Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից։
 
Նախագծի հեղինակ՝ Էռնա Ռևազովա։
 
Երկու Սողոմոն, Թեհլիրյան և Սողոմոնյան։ Երկու ճակատագրեր՝ աղճատված Հայոց Ցեղասպանությամբ։ Վարդապետի լռությունը և իր ժողովրդի համար վրեժխդնիր եղած և արդար ցասումով լի հայորդին։ Մի կողմից մինչև հոգու խորքը խելագարության աստիճան ցնցված Սողոմոնը, մյուս կողմից Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ Փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»։
 
1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, ճանաչեց Թեհլիրյանին անմեղ՝ հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ։
 
«Սողոմոն և Սողոմոն» նախագծում միավորվել են երկու Մեծ հայերի անունները, Սողոմոններ, ում հիշատակի առջև այսօր խոնարհվում ենք։ Մենք խոնարհվում ենք երաժշտական հանճար Սողոմոն Սողոմոնյանի առջև և մեր երախտագիտությունն արտահայտում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ, ով մեկ գիշերում մեղադրյալից վերածվեց մեղադրողի։ Մենք շնորհակալ ենք բեռլինյան դատարանից, որի որոշումը դարձավ Հայոց Ցեղասպանության առաջին աղմկահարույց դատապարտումը։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
  -