Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` ԳԱԱ-ում

  • 19-10-2021 10:00:00   | Armenia  |  

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, կմեկնարկի «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:
 
Գիտաժողովին օրհնության խոսք կուղղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը:
 
Գիտաժողովի երկու նիստերի ժամանակ՝ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերը. դասեր 100-ամյա հեռավորությունից» և «Արժևորումներ պատմաիրավական և քաղաքական տեսանկյունից», զեկույցներով հանդես կգան անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ,  ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:
 
Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքում:
 
 
  -