1995 թ. Փետրվաի 6-ին մահացել է հայ նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը (ծն. 1922 թ.):
Ռաֆայել Իշխանյանը ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (գնդակահարվել է 1937 թ.) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1933) ընտանիքում։ 1939 թ. ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թ. զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական Մեծ Պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թ. ավարտում է Պետհամալսարանը։ 1954 թ. ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց»։ 1973 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն»։ 1955-1963 թթ. աշխատել է Հանրային գրադարանում (այժմ Ազգային) ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստուտում։ 1963-1992 թթ. աշխատել է Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
Հրատարակված աշխատությունները․
• Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960
• Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965
• Հայ հնատիպ գիրքը։ «Գիտելիք», Երևան, 1968
• Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը։ «Երևանի համալսարան», Երևան, 1971
• 500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն։ «Լույս», Երևան, 1971
• Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972
• Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974
• Հայ գրքի պատմություն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում։ «Հայաստան», 1977
• Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.)։ «Երևանի համալսարան», Երևան, 1978
• Նոր գրական հայերենը 17-18-րդ դարերում։ «Երևանի համալսարան», Երևան, 1979
• Ակնարկ հայերենի տերմինաշինության։ «Լույս», Երևան, 1981
• Հայ գիրքը. 1512-1920։ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1981
• Հակոբ Մեղապարտ։ «Հայաստան», Երևան, 1982
• Մեր ուղղագրության հիմնահարցը։ Նոր Ջուղա, 1983
• Հայերի ծագումն ու հնագույն պատմությունը։ Բեյրութ, 1984
• Արդի հայերենի շարահյուսություն. պարզ նախադասություն։ «Երևանի համալսարան», Երևան, 1986
• Մայրենին։ «Լույս», Երևան, 1986
• Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր։ «Հայաստան», Երևան, 1988
• Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք առաջին։ «Արևիկ», Երևան, 1990 ISBN 5-8077-0478-9 գիրք առաջին, ISBN 5-8077-0246-8
• Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ։ «Երևանի համալսարան», Երևան, 1989
• Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990
• Երրորդ ուժի բացառման օրենքը (հոդվածներ)։ «Ազատ խոսք», Երևան, 1991 ISBN 5807902505
• Դասական ուղղագրության կանոններ։ «Արևիկ», Երևան, 1991
• Մեր ինքնության գլխավոր նշանը (գրականագիտական հետազոտություններ)։ «Նաիրի», Երևան, 1991 ISBN 5-550-00429-1
• Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երկրորդ։ «Արևիկ», Երևան, 1997 ISBN 5-8077-0174-7 գիրք երկրորդ)ISBN 5-8077-0246-8
• Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ։ «Հայաստան», Երևան, 2004 ISBN 5-540-01728-5
• Իրական պատմություններ (պատմվածքներ)։ «Վան Արյան», Երևան, 2004, ISBN 99941-38-09X
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan