1897 թվականի դեկտեմբերի 2-ին ծնվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը
-- :: | Arménie |
1897 թվականի դեկտեմբերի 2-ին ծնվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը: Նա Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ծնվել է Չարդախլու գյուղում` Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (հայկական Գանձակ) նահանգում: Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը` ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը:
1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում եւ Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում` Օսմանյան Կայսրության դեմ:
Մարշալ Բաղրամյանը հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի եւ Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաեւ Սարդարապատի հերոսամարտին: 1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի /Լենինգրադի/ հեծելազորային դպրոցը, 1934 թվականին` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1934- 1936 թվականներին ծառայել է որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ
դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թվականին` դառնալով Կիեւի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ:
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո Հովհաննես Բաղրամյանը
1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արեւմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիեւում էր: Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արեւմուտքում, Կիեւի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը: Վերջինս զոհվեց եւ ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին: Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, որ կարողացավ խուսափել գերմանական գերությունից: Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ եւ մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաեւ մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին: Նա առաջ քաշվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, եւ վարեց Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան: 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար եւ մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում եւ Լիտվայում` («Բագրատիոն» օպերացիա): Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով եւ շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում: Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության Հերոսի կոչման:
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արեւելյան Պրուսիայի գրավմանը: Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ` Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին եւ 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել: Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար: 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ: 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար եւ ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում: Նա նաեւ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր եւ ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը: Զորացրվեց 1968 թվականին: ԽՍՀՄ կրկնակի հերոս էր:
Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգեւատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները:
Հովհաննես Բաղրամյանը վախճանվել է 1982 թվականի սեպտեմբեր 21-ին: