Դեկտեմբերին 1-ին Շուշիում ծնվել է արձակագիր, դրամատուրգ Մուրացանը


01-12-1854   | Arménie  |  

1854 թվականի դեկտեմբերին 1-ին Շուշիում ծնվել է արձակագիր, դրամատուրգ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): Նախնական կրթությունը ստացել է մասնավոր դպրոցներում, այնուհետեւ ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873–ին: 1877–ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետեւ գրել «Հասան–Ջալայան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը: 1878–ին մեկնել է Թիֆլիս: Սովորելով հաշվապահություն` աշխատանքի է անցել առեւտրական տներից մեկում, որտեղ եւ մնացել է մինչեւ կյանքի վերջը: Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական հանդեսներում ու թերթերում`«Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»:
Մուրացանը գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900–ին «Թատրոն» հանդեսում: Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար–մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից՝ գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի «բարոյական արժանավորությունը»:

«Հասարակաց որդեգիրը» (1884), «Հարուստները զվարճանում են» (1884), «Ինչ լայեղ է » (1885), «Անպաճառ իշխանուհի» (1886) պատմվածքներում եւ «Չհաս է» (1886) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը:
Իրականության մեջ չգտնելով իր իդեալները` Մուրացանը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը: «Գեւորգ Մարզպետունի» (1896) վեպը նրա ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է:

Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է: Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում` Մուրացանը թեեւ ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին եւ դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը: Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները` նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան եւ արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին:
Մուրացանը վախճանվել է 1908 թվականին:
 



Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan