«Հերիքնազ Գալստյան․Ակունքից՝ տիեզերք». նոր ցուցահանդես
18-05-2021 12:00:00 | Arménie |
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Թանգարանների միջազգային օրվան և Թանգարանների եվրոպական գիշերվան կմիանա նոր ցուցահանդեսով, համերգային և կրթական ծրագրերով:
Ցուցահանդեսը, որը կրում է «Հերիքնազ Գալստյան․Ակունքից՝ տիեզերք» խորագիրը, նվիրված է քանդակագործ Հերիքնազ Գալստյանին և ներկայացնում է նրա կողմից ստեղծված քարե աշխատանքները, որոնք ժամանակակից արվեստի իսկական գլուխգործոցներ են: Նրա բացառիկ քանդակներում խորապես արտահայտված է երկխոսությունը քարի և անբացատրելի կապը տիեզերքի հետ: Ցուցահանդեսի բացումը կզուգորդվի քանդակագործի մասին պատմող ֆիլմով, «Շուշիկի բենդ» և «Տիեզերք բենդ» խմբերի կողմից հայկական ազգային, ժողովրդական, հոգևոր երգերի համերգային ծրագրով:
Ցուցահադեսի բացումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը՝ 19:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64): Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 10-ը:
Մայիսի 18-ին, ժամը՝ 12:00-ից մինչև 22:00-ն, թանգարանն իր այցելուներին կընդունի նաև Դիլիջանի մասնաճյուղում և Փայտարվեստի ցուցասրահում:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում ժամը՝ 12:00-ից կիրականացվի «Ինքնության դարբնոց» կրթական ծրագիրը՝ տարբեր տարիքի և նախասիրությունների անձանց ծանոթացնելով հայկական ժողովրդական արվեստի գաղտնիքներին և հմտություններին:
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան