Մամուլի ասուլիս Արենի-1 քարայրում հայտնաբերված երեք մարդկային գանգերի վերակազմության շուրջ

  • 23-09-2021 12:00:00   | Arménie  |  

Լրագրողների տեղափոխումը ժամը 10։00-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտից՝ Չարենցի փող. 15, 0025, Երևան։ Խնդրում ենք նախապես տեղեկացնել զանգահարելով 055510840 հեռախոսահամարին, կամ պատասխանելով սույն նամակին։
 
Սիրով հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցելու ս.թ. սեպտերմբերի 23-ին, ժամը՝ 12:00,  Արենի-1 քարայրում կայանալիք մամուլի ասուլիսին։
 
Կազմակերպվելիք մամլո ասուլիսը նպատակ ունի ներկայացնել գինու արտադրական համալիրի հարևանությամբ հայտնաբերված թվով երեք մարդկային գանգերի վերակազմությունները, ինչի հիման վրա հնարավոր է եղել վերականգնել մեր հեռավոր նախնիների դեմքերն ու արտաքին տեսքը: Վերակզմությունն իրականացվել է արդի տեխնոլոգիաների կիրառմամբ, հնագիտական տվյալների ու ԴՆԹ վերլուծության արդյունքների համադրությամբ և կյանքի է կոչվել Արենի-1 քարայր կոնսորցիումի («Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամ և ԱՄՆ Գֆոելլեր «Ռենեսանս» հիմնադրամ), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Չեխիայի հանրապետության Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի (Պրահա), Պարդուբիցեյի համալսարանի (Չեխիայի հանրապետություն), բրազիլացի հանրահայտ մարդաբան, 3D դիզայներ Սիսեռո Մորաեսի և Քորքի համալսարանի համագործակցության արդյունքում:
 
2007-2014թթ. Արենի-1 քարայրում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվեցին Եվրասիայի հնագույն կոշիկն ու աշխարհին հայտնի գինու արտադրական համալիրը, որոնք հուշարձանին բերեցին համաշխարհային ճանաչում: Այսուհանդերձ, քարայրի պեղումներից հայտնաբերվել են բազմաթիվ արժեքվոր գտածոներ, որոնց ուսումնասիրությունը նոր է տալիս իր պտուղները, և որոնք դեռևս պատշաճ լուսաբանում չեն ստացել:
 
Մամլո ասուլիսի մեկնարկը կտրվի Արենիի հնագիտական արշավախմբի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի կողմից, ով կներկայացնի ծրագրի ընդհանուր խնդիրները և իրականացման փուլերը, ինչպես նաև միջազգային համագործակցության նշանակությունը Արփա գետի ավազանի և Վայոց ձորի մարզի պատմության վերակազմության գործում: Հաջորդ բանախոսը՝ Ջիրի Շինդելարը (Չեխական «Մեր Պատմությունը» կազմակերպություն), կներկայացնի մարդաբանական նյութերի վերակազմության տեխնոլոգիական մանրամասները և արդյունքները: Ասուլիսի եզրափակիչ ելույթը կիրականացնի Արենի-1 քարայր կոնսորցիումի գործադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Արթուր Պետրոսյանը, ով կխոսի սույն և նմանօրինակ ուսումնասիրությունների՝ զբոսաշրջության զարգացման և հուշարձանների հանրահռչակման, սեփական անցյալը ճանաչելու մեջ ունեցած դերի և կարևորության շուրջ:
 
Միջոցառումը կշարունակվի ևս մեկ բանախոսությամբ, որով ԵԽ-ի Մշակութային ուղիներ ծրագրի Հայաստանի ազգային ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանը կներկայացնի Եվրոխորհրդի Մշակութային ուղիներ ծրագիրը, մասնավորապես «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի մասին, որին 2019 թ. առաջին անգամ Հայաստանից միացել է Արենի-1 քարայրը։   
 
Ասուլիսի վերջում բանախոսները կպատասխանեն լրագրողների և հյուրերի հարցերին:
 
Ասուլիսը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 12:00 Արենի-1 քարայրում: Լրագրողների տեղափոխումը ժամը 10։00-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտից՝ Չարենցի փող. 15, 0025, Երևան։
 
Կկազմակերպվի նաև շրջայց, ինչին կհաջորդի հյուրասիրություն։
 
 
  -