HAUSER-ն անմոռանալի շոու ծրագրով հանդես կգա Երեւանում

  • 17-06-2023 20:00:00   | Arménie  |  

Հայաստանն անհամբեր սպասում է հունիսի 17-ին ժամը 20:00–ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կայանալիք, ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մեծ համերգին:
 
Կազմակերպիչների խոսքով սպասվում է յուրահատուկ համերգային երեկո` դասական, ռոք եւ լատինաամերիկյան ռիթմեր` թավջութակի հնչյուններով:Կրքոտ կատարմամբ հայտնի թավջութակահարը կարողանում է հմտորեն զուգահեռներ անցկացնել դասական և փոփ երաժշտությունների միջև:  
 
«ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի` Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։
 
Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:
 
Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ:
 
 
 
 
  -