Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց Անկախության հռչակագիրը

  • -- ::   | Армения  |  


 

1990թ. օգոստոսի-23 ին Հայաստանի Գերագույն խոր
հրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը:
 
Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը։ Կարևոր է նշել, որ թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, սակայն այդ շրջանում ձեռք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը։
 
Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ 
 
Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։
 
Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի
տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ։
 
Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։
 
Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։
Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ: 
  -