1929թ նոյեմբերի 29-ին բացվել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը


29-11-1929   |   |  

1929թ նոյեմբերի 29-ին հանդիսավոր պայմաններում բացվել է հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի ,Պայթյունե պիեսի բեմադրությամբ:
Մոսկվայում ուսանած եւ ժամանակի թատերական արվեստին քաջատեղյակ Տիգրան Շամիրխանյանի ջանքերի շնորհիվ սկսվում են արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները:

Առաջին տասնամյակը թատրոնի համար ստեղծագործական որոնումների, սկզբունքների ճշտման, ազգային խաղացանկի ստեղծման, դերասանական ուժերի ընտրության տարիներ էին:
Թատրոնի երկրորդ տասնամյակը կապվում է հայրենական պատերազմի եւ հետպատերազմյան վերականգման տարիների հետ: Այս շրջանում փոխվում է խաղացանկը, փոխվում են մարդիկ: Թատրոն է գալիս դերասանական մի նոր սերունդ` Հ. Ղափլանյան, Է. Վարդանյան, Գ. Յաղջյան, Գ. Չալիկյան, Բ. Տրդատյան, Ա. Առաքելյան, Գ. Ստամբոլցյան, Ն. Քարումյան, Վ .Արքսմանյան, Ռ. Գուլակյան եւ ուրիշներ:

50-ական թվականների սկիզբը բեկումնալից եղավ: Թատրոն է գալիս նորաստեղծ թատերական ինստիտուտի շնորհալի շրջանավարտների մի մեծ խումբ` Է. Էլբակյան, Ն. Դալլաքյան, Մ. Թամրազյան, Ի. Ղարիբյան, Զ. Տեր-Կարապետյան, Ժ. Ներսիսյան, Վ. Խաչիկյան, Գ. Չեպչյան, Ն. Չալիկյան, Ա. Սիմոնյան, Տ. Շահինյան, Ջ. Խաչատրյանը, Ռ. Ամիրուլյան, ավելի ուշ նաեւ Խ. Նազարեթյան, Ժ. Գեւորգյան, Ս. Սարգսյան, Վ. Խաչատրյան, Գ. Մանուկյան եւ ուրիշներ: Այդ նուն խմբի մեջ էին թատերագետներ Հ. Երանոսյանը, Մ. Բերոյանը, ռեժիսորներ` Մ. Ասլանյանը եւ Զ. Տատինցյանը: Շատ շուտով թատրոնի ղեկը իր ձեռքը վերցրեց Հ. Երանոսյանը:

Մեկը մյուսի հետեւից ստեղծվում են հետաքրքիր, գեղարվեստական բարձրարժեք ներկայացումներ` «Հորձանուտ», «Ռեւիզոր», «Սեր եւ խարդավանք», «Ագռավը» :
Իր պատմության այս էտապում, թատրոնի նոր վերելքներն ու հաջողությունները կապվում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի անվան հետ: Նա իր ռեժիսորական գործունեությունը այս թատրոնում է սկսել եւ երկար տարիներ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: Նրա բեմադրություններից շատերը թատրոնի պատմության լավագույն էջերն են կազմում:

1980թվականին մեծ շուքով նշվեց թատրոնի 50-ամյակը եւ կատարած ծառայությունների համար թատրոնը արժանացավ կառավարական բարձր պարգեւի:

Թատրոնի հետագա հաջողությունները արդեն առնչվում են նրա արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի հետ: Նա 1980-1984թթ., ապա 1986-1988թթ. թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, իսկ մինչեւ 1994թ. վարեց այդ պաշտոնը համատեղելով այն Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ:
Ե. Ղազանչյանի անվան հետ է կապված ՊՀԹ ութսունականների գրեթե բոլոր հաջողությունները: Բեմադրվեցին բազմազան հետաքրքիր եւ անտիպ գործեր, բեմ բարձրացան ռուսական եւ եվրոպական դասականների շատ պիեսներ, ինչպես նաեւ արդիական գործեր, երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:

Թատրոն եկան երիտասարդ, կարող ուժեր, որոնք իրենց վրա վերցրեցին ծանրության հիմնական
բեռը: Կազմակերպվեցին բազմաթիվ հյուրախաղեր եւ փառատոններ: ՊՀԹ մասնակցեց նաեւ մանկական թատրոնների ստուգատեսին:
1997թ. ՊՀԹ գեղարվեստական ղեկավարն է դառնում Հակոբ Ղազանչյանը, եւ թատրոնի պատմության մեջ նոր էջ է բացվում:

1997թ. հունվարին դառնալով Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ղազանչյանը մեծապես նպաստեց թատրոնի նոր վերելքին:

Հ. Ղազանչյանի անդրանիկ բեմադրությունը գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Ն. Պտուշկինայի «Վեցնոցներ» պիեսն էր: Թեման եւ բարձրացվող հարցերը ժամանակակից էին: Ռեժիսորը շեշտադրումը դնում էր հիմնական խնդրի վրա` մարդկային հարաբերությունները ճգնաժամի պարագայում:

2004թ. ներկայացվել են Հ. Ղազանչյանի երեք նոր բեմադրույթունները` Ա. Վամպիլովի «Ավագ որդին», Ր. Շարտի «Կնոջս անունը Մորիս է », Մ. Ադամյանի «Մահապարտը», Զ. Տատինցյանի ջանքերով վերականգնվել է «Ուղիղ հարյուր համբույր» ներկայացումը:
2005թ. արդեն իսկ աչքի է ընկել իր բեղունությամբ: Վերականգնվեց Յ. Ստելմախի «Զգուշացիր առյուծից» ներկայացումը /ռեժ.` Հ. Ղազանչյան/, Արմեն Սանթրոսյանի հեղինակությամբ եւ բեմադրությամբ ներկայացվեց «Հրաշագործ սրինգը» գործը:


Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)