Նոյեմբերի 29-ին վախճանվել է հայ դերասան Կարպ Խաչվանքյանը

  • -- ::   |   |  

1998 թվականի նոյեմբերի 29-ին վախճանվել է հայ դերասան եւ ռեժիսոր, «Ծիծաղի արքա» Կարպ Խաչվանքյանը: Նա ծնվել է 1923 թվականին Ախալցխայում, Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո 1944թ. Կարպ Խաչվանքյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանի կողմից հրավիրվում է Երեւանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն: Երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցավ այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին Կարպ Խաչվանքյանը: Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»:

Առաջին դերը Բոնին էր` Կալմանի «Սիլվա» օպերետում (1944թ. նոյեմբերի 4), որը միանգամից հռչակեց նրան եւ իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը: Տաղանդավոր դերասանի մասին բարձր կարծիքներ են հայտնել Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Հայկանուշ Դանիելյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Վարդան Աճեմյանը, Պարույր Սեւակը, Գոհար Գասպարյանը, Համո Բեկնազարյանը, Առնո Բաբաջանյանը եւ ուրիշներ:

Կարպը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ուներ հայկական օպերետների եւ երաժշտական կոմեդիաների հանդեպ:
Խաղացած 100-ից ավելի դերերից առանձնացնել է պետք հետեւյալները` Բոնի («Սիլվա»), Ալդեմարո («Պարերի ուսուցիչը»), Տոնի («Կրկեսի իշխանուհին»), Պենիժեկ («Մարիցա»), Ստեֆան («Գնչուների բարոն»), Նապոլեոն («Բայադերա»), Հիգինս («Իմ չքնաղ լեդի»), Ֆիլիպ («Ազատաշունչ հողմը»), Իվան («Ծաղրածուի որդին»), Սուսիկ («Տրեմբիտա»), Սուրեն

(«Մեծ հարսանիք»), Գուրգեն («Աղբյուրի մոտ»), Ղարա («Կապկալ թամաշ»), Սոկրատ («Սեր աստղերի տակ»), սակայն Խաչվանքյանը կերտեց կերպարներ, որոնք ձեռք բերեցին միջազգային ճանաչում` դա նախ եւ առաջ Տոնինոն եւ Ձանիետոն է («Վենետիկյան երկվորյակներ»), ապա Սոկրատը («Սեր աստղերի տակ»), Սկապենը («Սկապենի արարքները»), Թոդորոսը («Պահանջվում է ստախոս»), Դոն Կիխոտը («Լամանչեցի մարդը»), Կնյազը («Տաքսի, տաքսի»):

Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքներ, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացումներում, մասնակցել ռադիոբեմադրությունների:

Նրա խաղացած 100-ից ավելի դերերը միշտ ծիծաղ են պարգեւել հանդիսատեսին: 1989 թվականին Լոս Անջելեսում բեմադրվող «Պահանջվում է ստախոս» ներկայացումից հետո թերթերից մեկում գրվեց հետեւյալը. Եթե մելամաղձոտ ու անտրամադիր ես, մի երթար հոգեբույժին, այլ գնա ու տես «Պահանջվում է ստախոսը»: Երեք ժամ խնդա ու զվարճացիր: Վայելե ազգիդ հրաշք տղան` Կարպ Խաչվանքյանը եւ վստահ եղիր, հոգիդ պիտի թեթեւանա անպայման»:
50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսին» 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո ժամանակ էր պետք, որպեսզի դերասանի մեջ եղած կրակն աստիճանաբար մարեր, ու նա դուրս գար կերպարից:

-Լինելով փայլուն դերասան` կարիք չկար նրան սովորեցնել ողջ այբուբենը, բավական էր նրան ասել միայն «ա» տառը եւ վերջ, մնացածը նրա համար պարզ էր ու հասկանալի,- հիշում է Երվանդ Ղազանչյանը:
- Նա իմպրովիզի մեծ վարպետ էր, իսկ իմպրովիզ անելու համար մեծ տաղանդ է պետք, որով ցողված էր միայն Թաթիկ Սարյանի, Մհեր Մկրտչյանի եւ Կարպ Խաչվանքյանի արվեստը: Նրանք էին, որ նույն նախադասությունը կարող էին հարյուր անգամ կրկնել, առանց հանդիսատեսին հոգնեցնելու (Ես
հիմա ի՞նչ անեմ, էս ճամպրուկն ու՞ր դնեմ):

Կարպ Խաչվանքյանը մինչեւ վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեեւ նրա խաղը հաջողված էր նաեւ կինոարվեստում («Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արեւելյան»), այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: «Ինձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել եւ անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը»,- մի առիթով ասել է նա:
Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: «Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ,- ասում էր նա,- ես դերասան եմ միայն բեմի վրա, բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը»:

Նրա հետ հետաքրքիր էր նույնիսկ լռել եւ սպասել, թե երբ պիտի խոսի կամ թե պոռթկա` իր ասելիքը տվյալ պահին ասելու համար: «Բեմում կարծես բոցկլտացող կրակ լիներ, որը թեժանում էր բեմի վրա եւ այնուհետեւ բեմից հեռանալուց հետո իր հետեւից թողնում էր հրդեհից առաջացած «ավերածությունը»,- այդպիսին է Կարպը Յուրի Ամիրյանի հուշերում:
-Այո՜, Խաչվանքյանը Երեւան չգալ չէր կարող: Եթե չգար, 1918թ. Հայոց խորհրդարանի շենքը Կոմեդիայի թատրոնի վերածված բեմից ո՞վ պիտի ծիծաղեր այս աշխարհի անիրավությունների վրա:

Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը` «Աշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար ինձ սիրել», դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը` Մենք:

  -