Նոյեմբերի 28-ին ծնվել է հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը

  • -- ::   | Армения  |  

1843 թվականի նոյեմբերի 28-ին Ադրիանապոլսում ծնվել է հայ գրող, երգիծաբան, լրագրող Հակոբ Պարոնյանը: Նա կրթություն ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում: Դպրոցն ավարտելուց հետո` 1857 թվականին, ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը, այնուհետեւ հաստատվելով Կ. Պոլսում` 1863-ին աշխատել է հեռագրատանը, զբաղվել գրական-լրագրական գործունեությամբ:

1871-1872 թ.թ. դասավանդել է Մեսրոպյան վարժարանում, եւս մեկ տարի ուսուցանել է Սկյուտարի ճեմարանում, եղել է Պատրիարքարանի պաշտոնյա: 1879-ի հունիսից ընդմիշտ հաստատվում է Կ. Պոլսում` լինելով «Միացյալ ընկերություն հայոց»-ի քարտուղար:

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ: Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874): 1874-1877 թվականներին խմբագրում

է «Թատրոն» թերթը: «Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաեւ «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին: Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետեւանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում:
Մեծ ջանքեր գործադրելով` Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888): Սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պաբերականների հետ միասին փակում է նաեւ այդ հանդեսը:

1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից: Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում: Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան: Աղքատությունը քայքայում է Պարոնյանի առողջությունը, եւ նա 1891-ին վախճանվում է ծայրաստիճան աղքատության մեջ, թաղվում է Պոլսում:

Նրա ստեղծագործությունները բազմակողմանի ներկայացնում եմ Ստամբուլի կյանքը եւ սուր կերպով քննադատում հասարակական կառույցները, մտավորականությունը, կրոնավորներին, առեւտուրը, բժիշկներին, ընտանեկան կառույցը, շուկան, հատկապես համայնքի անդամ հանդիսանող անձանց: «Ազգային ջոջեր» (1878 թ.)
ստեղծագործության մեջ երգիծանքով, դրական եւ բացասական կողմերով քննադատել է ժամանակի Ստամբուլի հայ հեղինակավոր մարդկանց, հայտնի անձանց: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» (1880 թ.), «Հոսհոսի ձեռատետրը», «Քաղաքավարության վնասները» (1886-1888 թթ.), «Առտնին տեսարաններ»-ը պատկերավոր եւ դատողական ստեղծագործություններ են: Իսկ ամենակարեւորները` «Մեծապատիվ մուրացկանները», վեպ է, «Պաղտասար աղբարը»` (1886-1887 թթ.) թատերական ստեղծագործություն: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղծագործության մեջ պատմում է Ստամբուլի մեծ ու փոքր երեսունչորս թաղամասերի համայնքի կյանքի մասին, քննադատում է տղամարդկանց, մասնագիտությունները, կանանց, մոդայամոլությունը, «Քաղաքավարության վնասներում» ծաղրի են ենթարկվում մարդկանց տանջող հյուրասիրությունները, սովորություններն ու ավանդույթները, հատկապես ներկայացրել է, թե ինչպես են ընտրյալ եւ ուսյալ անձինք դառնում քաղաքավարության զոհեր:


 

  -