Ծնվել է հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ, Հայոց կաթողիկոս (1166-ից) Ներսես Շնորհալին

  • -- ::   | Армения  |  


1100թ. հունիսի 4 - Ծնվել է Միջնադարյան հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, պատմիչ, քաղաքական գործիչ, Հայոց կաթողիկոս (1166-ից) Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, Երգեցող):Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի:

Ծնվել է Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է,Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է եւ Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին:

Մինչեւ կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: Մեծ սիրով եւ հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները եւ գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական եւ երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, երգեր, հանելուկներ` հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա): Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արեւագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության եւ մարդկային ոգու զարթոնքը: 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական
հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ:

Ներսես Շնորհալին մշակել եւ լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը` լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել: Շնորհալուն է պատկանում նաեւ Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Ողբ Եդեսիոյ» (1145-46)` հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգեւոր երգեր, մոտ 300 հանելուկներ` բանաստեղծության ձեւով, վերցված բանահյուսությունից։ Վախճանվել է 1173 թ. օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։

 

  -