
1872 թ. հունվարի 22-ին վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը
22-01-1872 | |
Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը: Դուրյանը գրել է «Տարագիր Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Վահան եւ Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867) հովվերգական մելոդրաման, ապա` «Սեւ հողեր կամ հետին գիշեր Արարատյան» (1868), «Արտաշես աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստության» (1870), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870) պատմական ողբերգությունները;
Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից` 1871-ին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման:
Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն: Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության ( «Նոր սեւ օրեր»):
Պետրոս Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: Նրա սիրային տաղերում («Ի՜ցիվ թե», «Պետք է մեռնի՜լ», «Սիրեցի քեզ») առկա են դիմանկարային շատ մանրամասներ, բայց բանաստեղծի համար էականը արտաքինը չէ, այլ ապրումները, հոգեբանությունը: Դուրյանի ընկալմամբ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պատում», «Մանիշակ», «Ներա հետ»): Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո:
Հայ նոր քնարերգության մեջ Դուրյանը սկզբնավորել է մարդու մեջ մարդկայինը պահպանելու եւ զարգացնելու թեման: «Լճակ», «Ի՜նչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ: Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր» , «ազատ օդ» եւ ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին:
Մահվան եւ գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծեմումք»): Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»ում: Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց , ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սեւ ճակատագիրը»: Մարդու եւ կյանքի նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ: