1864թ.-ի ապրիլի 14-ին Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին) ծնվել է անվանի հայ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888-ին։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսաբաժնի վարիչը։
1883-ին լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887-ին հրատարակվել է ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին։ 1908 և 1912-ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդել են նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։