Գործարարի օրը կներկայացվեն բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի գրքերի հայերեն թարգմանությունները

  • 03-03-2021 17:30:00   | Армения  |  

 
«Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի գրքերը հայերեն են թարգմանվել: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:30 Wine Time-ում տեղի կունենա Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
 
«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Սեթ Գոդինի գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքերը, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն:
 
«Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացելու տարբերակ է»,-իր գրքում փաստում է Գոդինը:
 
Ինչ վերաբերում է «Մանուշակագույն կով» գրքին, ապա այն դասական բեսթսելեր է, որը բիզնեսի ամբողջ աշխարհին սովորեցրեց, որ ապահովը ռիսկային է, շատ լավը՝ վատ, և որ ամենակարևորն է, կա երկու տարբերակ՝ աչքի ընկնել կամ մնալ անտեսանելի: «Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր»,-նշում է հեղինակը:
 
Նշենք, որ «Սա է մարքեթինգը» թարգմանել է Աստղիկ Օսկանյանը, իսկ «Մանուշակագույն կով»-ը՝ Աստղիկ Աթաբեկյանը:
 
  -