Ավելուկի փառատոն՝ միասնության կոչով

  • 19-06-2021 12:00:00   | Армения  |  

 
Հունիսի 19-ին՝ այս ամռան թերևս ամենաԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ օրը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած Ավելուկի փառատոնը։ Մեկնարկը՝ 12:00 Վարդենիկի զբոսայգում (Բանավան թաղամաս)։
 
Այս տարի Ավելուկի փառատոնը կազմակերպվում է միասնության և համախմբման կոչով՝ ավելուկը հյուսելու արարողությունը ներկայացնելով որպես մեր երկրի, մեր ժողովրդի ռեսուրսների ու հոգևոր ներուժի համադրման, համախմբման ու միահյուսման խորհուրդ։ 
 
«Ինչպես ավելուկի հյուսքի ամեն մի մասնիկը, մեր երկրում էլ բոլորս փոխկապակցված ենք իրար։ Քաղաքական թեմաների լռության օրն օգտագործենք մեր երկրի համար կարևոր թեմաների մասին ԱՌՈՂՋ միջավայրում խոսելու ու մտորելու համար»,– նշում է փառատոնի հիմնադիր Արտուշ Խաչատրյանը։
 
Փառատոնի շրջանակում կանցկացվի ցուցահանդես-վաճառք․ ՀՀ տարբեր մարզերի ավելի քան երկու տասնյակ մեծ ու փոքր ձեռնարկություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ 
 
 Մասնակիցները կարող են ոչ միայն տեղում հետևել, այլև անձամբ մասնակցել ավելուկի հյուսման ընթացքին։ Հյուրերը կարող են համտեսել տարաբնույթ ուտեստներ, որոնց հիմնական մասը պատրաստված է ավելուկով։ Փառատոնի շրջանակում կգործի– նաև առանձին տաղավար, որտեղ արցախցիներն առաջին անգամ պատրաստելու են ժենգյալով հաց, որի միջուկի բաղադրիչներից մեկը կլինի ավելուկը։
 
Կազմակերպիչներն ապահովում են լրագրողների փոխադրումն ու սնունդը։ Հատուկ լրագրողների համար նախատեսված փոխադրամիջոցով գնալու համար հարկավոր է այդ մասին նշել հարցաթերթի համապատասխան բաժնում։ Գրանցման առցանց թերթիկ՝ https://forms.gle/gd46FzxJYJLUgUr87 ։
 
Փոխադրամիջոցը շարժվելու է Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածից հունիսի 19–ին՝ ժամը 10:00-ին։ Տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերով կարող եք զանգահարել 099 02 11 24 հեռախոսահամարով։
 
Ավելուկի փառատոնը կազմակերում են «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը և «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպությունը։ Առաջին անգամ  փառատոնն անցկացվել է 2019 թվականին՝ օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, ինչպես նաև սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Փառատոնի շրջանակում հյուսվել է ավելուկի աշխարհի ամենաերկար հյուսքը, որը  գրանցվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:  
 
 
 
  -