«Արմենիա» միջազգային փառատոնի բացման համերգի փորձը և երեկոն

  • 29-09-2021 15:30:00   | Армения  |  

Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15.30, հրավիրում ենք Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կներկայացնի մանրամասներ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանի մասին։ Ներկա կլինի նաև ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարկ Բուշկովը։ Լրագրողները հնարավորություն կունենան նաև ներկա գտնվելու «Արմենիա» միջազգային փառատոնի բացման համերգի փորձին։
 
Նույն օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման երեկոն. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։
 
Նշենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով կտրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանի մեկնարկը։ Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։
 
Փառատոնին կմասնակցեն հայտնի արտիստներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, Սերգեյ Դոգադինը, Մարկ Բուշկովը, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Յոլ Ում Սանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նարեկ Հախնազարյանը, դիրիժորներ, Սերգեյ Սմբատյանը, Դմիտրի Յաբլոնսկին, Մարիուս Ստրավինսկին, Ֆելիքս Կորոբովը, Ալան Չիրկոպը, Կոնրադ վան Ալֆենը, Ջանլուկա Մարչիանոն և այլք:
 
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
 
  -