«Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրութուն
18-05-2022 18:00:00 | Армения |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրութունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։
Ցուցադրության ընթացքում կներկայացվեն պատառիկներ Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին․ Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։ Ձեռագրերի մասին տեղեկություններ կհաղորդի բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։ Կցուցադրվի նաև Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Չարենցը և Կոմիտասը» կտավը։
Նույն օրը՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա համերգ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատարների մասնակցությամբ։ Կհնչեն Կոմիտասի, Վլադիլեն Բալյանի, Ավետ Տերտերյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործություններից։