Մեդիա կենտրոն. Տեղի կունենա «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով քննարկում
25-03-2025 14:30:00 | Армения |
Մարտի 25-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով։
Բանախոսներ՝
Շիրազ Գրիգորյան՝ ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ
Սեդա Ստեփանյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
Արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատողներին իրեն խոշտանգելու համար: Նա պնդում է, որ իր ազգականի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել, հայհոյել:
Արդեն մի քանի օր է, ինչ Տիգրանն ու տասնյակ այլ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ձերբակալել վեց ոստիկանների, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել բոլոր ապացույցները:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն:
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։