Ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կանցկացվի Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջ՝ «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման գործում» թեմայով:
Միջոցառումը նվիրված է նույնանուն համաժողովին, որը կանցկացվի ապրիլի 27-28-ին Հայաստանում՝ ԱՊՀ և Բալթյան երկրների խորհրդարանականների, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: Երևանյան համաժողովի նպատակը ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած՝ հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն միավորում՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարի առաջ մղումն է:
Միջոցառմանը կմասնակցեն՝
Երևանում՝
- ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԽ համագործակցության ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը,
- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը,
- «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման գործում» միջազգային համաժողովի կազմկոմիտեի նախագահ Անդրեյ Սմիռնովը:
Մոսկվայում՝
- Պետդումայի պատգամավոր, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԽ համագործակցության ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը,
- Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, ՄՊՀ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը,
- Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Եվգենի Պիշնյակը:
Աստանայում՝
- «Նուր օտան» ժողովրդա-դեմոկրատական կուսակցության Պառլամենտարիզմի ինստիտուտի տնօրեն Բոլատ Բայկադամովը,
- Ղազախստանի քաղաքացիական դաշինքի գործադիր տնօրեն Ալինա Խամատդինովան:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7: