Վախճանվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը

  • -- ::   | Հայաստան  |  


2007 թ. օգոստոսի 20-ին վախճանվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

Էդուարդ  Իսաբեկյանը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում: ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ (1963): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1941-ին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1945-ից դասավանդում է Երևանի զեղարվեստա-թատերական ինստիտուտում (1963-ից՝ պրոֆեսոր):

Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Հայրեն
ական մեծ պատերազմի տարիներին պատկերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը
(«Դավիթ Բեկ», 1945): Իսաբեկյանի թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են: «Պատանի Դավիթ» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ)», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957), «Պատասխան Հազկերտին» (1960, Երևանի Ա. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիական հնչեղությամբ: Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնութագրվում «Բյուրականցի ծերունին և Արտավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բակունց»-ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Սայաթ-Նովա»-ն (1964): Սովետահայ դիմանկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944):
Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրը Իսաբեկյանի բնանկարների թեմատիկ առանցքն են կազմում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրջի մոտ» (1959), «Խնձորեսկ» (1962): Գեղանկարչական հագեցվածությամբ են բնորոշվում «Հորովելը» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ), «Ջրհորի մոտ» («Չվերադարձան», 1965), «Ծառերի շվաքում» (1966), «Արտավազդի մահը» (1966): Լայն ճանաչում են գտել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (1952)  և  Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերի նկարագրումները: Հեղինակ է գծանկարների, նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գրաֆիկական շարքերի:
1967-1989 Հայաստանի պետական պատկերասրահի դիրեկտորն էր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

 

 

  -