Նոյեմբերի 23-ին վախճանվել է Պերճ Պռոշյանը

  • -- ::   | Հայաստան  |  

1907 թվականի նոյեմբերի 23-ին վախճանվել է արձակագիր, մանկավարժ Պերճ Պռոշյանը (Հովհաննես Տեր-Առաքելյան): Ծնվել է 1837 թվականին Աշտարակում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում, 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում` 1857–ին վերադարձել է Աշտարակ եւ նշանակվել ծխական դպրոցի տեսուչ:

1859–ին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ: Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետեւ` Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում,

մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ:

1860–ին Պռոշյանը գրել է «Սոս եւ Վարդիթեր» վեպը: 1879–ին «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ: Ինչպես այս, այնպես էլ «Ցեցերե», «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը: Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»–ը, որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 40-50–ական թթ. ազգային մտավորականության գաղափարական որոնումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով,
բնութագրումներով:

Պռոշյանի գրչին են պատկանում նաեւ հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն եւ պատանեկություն»–ը եւ այլ գրողների ստեղծագործություններ:

Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից` Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձեւավորման ու զարգացման գործում: Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ եւ որպես անկրկնելի վավերագրեր՝ այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը:




 

  -