Մակար
Եկմալյան ծնվել է Վաղարշապատում, Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում: Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարաժարանում` աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին: 1872-ին ավարտել է Ժառանգավորաց վարժարանը: 1874-ին նշանակվել է Գեւորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878-ին ուղարկվել է Պետերբուրգ` տեղի կոնսերվատորիայում կատարելագործելու մասնագիտությունը: Պետերբուրգի կոնսերվատորիայում Մակար Եկմալյանը աշակերտել է պրոֆեսորներ Լյադովին, Ռիմսկի Կորսակովին եւ Սակետտիին: 1891-ին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու եւ երգչախմբի ղեկավար: Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից, հռչակել անունը: