440 թ. վախճանվել է Մեսրոպ Մաշտոցը

  • -- ::   | Հայաստան  |  


440 թ. փետրվարի 17-ին վախճանվել է հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցը: (Ծնվ. 361/362 թ.): 

 

Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը: 
Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ

հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին: 
Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահաղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը: 
Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե' արևելյան և թե' բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները,
որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:

Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:
Մաշտոց նշանակում է սրբազան, սուրբ, ծիսական, աղոթագիրք:Մաշտոցը 405 թ. ստեղծվում է հայերենի հնչյունական համակարգը — ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբրա ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…». սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն էին։Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416—429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։ Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։
Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ․ Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։

  -