Վախճանվել է բանաստեղծ եւ թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը

  • -- ::   |   |  


 

1917 թվականի ապրիլի 13-ին վախճանվել է
բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը: (Ծնվ. 1865 թ.):
 
Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է Թիֆլիսի դպրոցում, աշակորտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881–ի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883–ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885–ին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։
Մինչև 1902–ը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888–ից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»–ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ.Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։
Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»–ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902–ին դարձել Մոսկվայի գրական–գեղարվեստական խմբակի անդմ, ծավալել մշակույթային գործունեություն։
1891–ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային–ազատագրական պայքարի մոտիվներն («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)։
Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։
1901–ին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական ոտանավորների ժողովածուն՝ Վ.Սուրենյանցի նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի»)։
Ծատուրյանը մասնակցել է Յու.Վեսելովսկու և Մ.Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու.Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գ.Սունդուկյանի «Պեպո»–ն։ 1905–ին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով), 1906–ին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը։
Նրա տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Ա. Տեր–Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։
  -