Ժորա Սարգսյանի համերգով տրվում է նոր հայկական մշակութային սոցիալական ցանցի` behappy.technology-ի մեկնարկը

06-03-2021 20:00:00   | Հայաստան  |  



Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային
ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, հայտնի կիթառահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը հանդես կգա առցանց համերգով։ Մարտի 6-ին, ժամը 20։00 Behappy.Technology օնլայն համերգների հարթակում Սարգսյանը կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։ 
 
Համերգը հեռարձակվելու է աննախադեպ և նոր հարթակի միջոցով, որի շնորհիվ տարբեր արտիստներ, խմբեր, անհատներ, կազմակերպություններ պարբերաբար հանրությանը ներկայացնելու են մշակութային համերգներ, ինչպես նաև երաժշտական դասընթացներ, վարպետաց դասեր։ Ընդ
որում՝ դասընթացներ հայ ուսանողների համար կանցկացնեն եվրոպացի ճանաչված դասախոսները, իսկ տեղի մասնագետները հնարավորություն կստանան իրենց գիտելիքները փոխանցել արտերկրի ուսանողներին։ BeHappy.Technology մշակութային սոցիալական հարթակը հագեցած է նոր և յուրահատուկ տեխնոլոգիական գործիքակազմով։ Գրանցվելով այս հարթակում՝ մարդիկ կարող են ունկնդրել տարբեր առցանց միջոցառումներ և մասնակցել տարբեր առցանց դասերի, ինչպես նաև իրականացնել իրենց համերգների հեռարձակումը։
 
Նշենք, որ հարթակը ներկայացնում է Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։ Ի դեպ, Ժորա Սարգսյանի համերգով նշանավորվում է հարթակի գործունեության մեկնարկը։ 
 
Ժորա Սարգսյանը Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է: Սարգսյանը եղել է բազում միջազգային փառատոնների, մրցույթների և  ամառային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Գերմանիայում, Իտալիայում Խորվաթիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում,   Հայաստանում, Վրաստանում: Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալինի, Վիլնյուսի  և այլ երկրների կոնսերվատորիաներում: Հանդես է եկել Կոնցերտգեբաու, Համբուրգի, Քյոլնի, Մոնտենեգրոյի, Վիվալդիի անվան կամերային և այլ նվագախմբերի հետ: Անսամբլների կազմում որպես կիթառահար հանդես է եկել Սթինգի և Էնրիկե Իգլեսիասի համերգներին: 
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին