Տիգրան Սարգսեան. «Մեր նպատակն է գիւղացիների համար ստեղծել հնարաւորութիւն` առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում վաճառելու համար»


Տիգրան Սարգսեան. «Մեր նպատակն է գիւղացիների համար ստեղծել հնարաւորութիւն` առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում վաճառելու համար»

  • 16-10-2011 14:47:31   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 16-ին, Գիւղատնտեսութեան աշխատողի օրուայ կապակցութեամբ, այցելել է Հիւսիսային Պողոտայ, որտեղ կազմակերպուել է գիւղատնտեսական ապրանքների տօնավաճառ-համտես: Վարչապետը ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի ուղեկցութեամբ շրջել է Հանրապետութեան բոլոր մարզերի եւ Արցախի գիւղացիական տնտեսութիւնների եւ վերամշակող կազմակերպութիւնների տաղաւարներով` ծանօթացել վերջիններիս ներկայացրած գիւղատնտեսական արտադրանքին: Լրագրողների հետ զրոյցում Տիգրան Սարգսեանը նշել է, որ նման միջոցառումների անցկացմամբ կառավարութեան նպատակն է քաղաքացիներին լաւագոյնս ծանօթացնել տեղական արտադրանքին, որպէսզի նրանք այսուհետ նախապատուութիւնը տան միայն որակեալ հայկական գիւղատնտեսական ապրանքներին: «Այստեղ այսօր համայնքների միջեւ տիրում է առողջ մրցակցութիւն` տօնավաճառ այցելած քաղաքացիներին լաւագոյնս հիւրասիրելու առումով: Ցանկանում ենք, որպէսզի ողջ Հանարապետութիւնում լինի տօնական տրամադրութիւն եւ կարծես թէ դա ստացուել է: Մեր նպատակն է գիւղացիների համար ստեղծել հնարաւորութիւն` առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում վաճառելու համար»,- ասել է Տիգրան Սարգսեանը` շնորհաւորելով բոլորին օրուայ կապակցութեամբ: ՀՀ կառավարութեան որոշմամբ, իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսուայ երրորդ կիրակի օրն այսուհետ նշուելու է որպէս Հայաստանի Հանրապետութեան գիւղատնտեսութեան աշխատողի օր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այս կապակցութեամբ մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում այսօր անցկացւում էն տարբեր միջոցառումներ` տօնավաճառներ, ցուցահանդէսներ եւ այլն:
  -   Տնտեսութիւն