Դեսպան Ռուբեն Կարապետեանը իր հաւատարմագրերն է յանձնել Պորտուգալիայի նախագահին
17-10-2011 12:09:15 | | Քաղաքական
Հոկտեմբերի 11-ին համատեղութեան կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանը իր հաւատարմագրերն է յանձնել Պորտուգալիայի Հանրապետութեան նախագահ Անիբալ Կաւակոյ Սիլվային:
Յանձնման պաշտօնական արարողութեանը հետեւած զրոյցի ընթացքում դեսպան Կարապետեանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրաւէրը:
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկկողմ յարաբերութիւնների յետագայ զարգացումը եւ դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Պորտուգալիայի նախագահն անդրադարձել է հայ-պորտուգալական պատմական առնչութիւններին` մասնաւորապէս ընդգծելով Գ.Գիւլբենկեանի գործունէութեան ու նրա թողած ժառանգութեան դերը Պորտուգալիայի համար:
Պորտուգալիայ այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԳՆ արտաքին քաղաքականութեան հարցերով գլխաւոր տնօրէն Անտօնիոյ դէ Ալմեյդայ Ռիբէյրոյի, Էկոնոմիայի ու աշխատանքի հարցերով պէտքարտուղար Անտօնիոյ Ալմեյդայ Էնրիկեսի, Պորտուգալիայի վարչապետի գլխաւոր դիւանագիտական խորհրդական Պաուլոյ Վիզէու Պինեյրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկուել են հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանման, ինչպէս նաեւ փոխայցելութիւնների իրականացման հետ կապուած մի շարք հարցեր:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, այցի շրջանակներում դեսպան Ռուբեն Կարապետեանը այցելել է Գ.Գիւլբենկեան թանգարան ու ծաղկեպսակ դրել մեծանուն հայի յուշարձանին: