Տիգրան Սարգսեան. «ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագիրը պատմական նշանակութիւն ունեցող փաստաթուղթ է»


Տիգրան Սարգսեան. «ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագիրը պատմական նշանակութիւն ունեցող փաստաթուղթ է»

  • 20-10-2011 13:15:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մինչ ՀՀ կառավարութեան հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսեանն անդրադարձել է ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրին, որը ստորագրվ է Սանկտ-պետերբուրգում: Նա, մասնաւորապէս, ասել է. «Կարծում եմ` սա պատմական նշանակութիւն ունեցող փաստաթուղթ է, որի վրայ մեր մասնագէտներն աշխատում են 1993 թուականից: 1993-ին մենք եկել էինք նման համաձայնութեան եւ ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվաւերացուեց: Յետագայում այս ուղղութեամբ կատարուել են մեծ ծաւալի աշխատանքներ, եւ հիմնականում այդ աշխատանքները նոր թափ են ստացել վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչի արդիւնքում մենք կարողացանք համաձայնութեան գալ ազատ առեւտրի գօտու ստեղծման շուրջ: Այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսութեան եւ տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարաւորութիւն: Առաջին, առանց մաքսատուրքերի մենք հնարաւորութիւն ենք ունենալու առեւտրաշրջանառութիւն իրականացնել այն պետութիւնների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը: Երկրորդ, ստեղծւում են միասնական կանոններ` լիցենզաւորման, կոդաւորման եւ այլն, որոնք առկայ են ստորագրուած փաստաթղթում: Սրա արդիւնքում որեւէ երկիր այլեւս միակողմանիօրէն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար: Յաջորդ կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ այս փաստաթուղթը կազմուած է Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան սկզբունքների հիման վրայ: Դրանում ամրագրուած է, որ այս համաձայնագրի շրջանակում կցուած անցումային դրոյթներում առկայ սահմանափակումները տարէցտարի նուազեցուելու են: Պէտք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելաւուում է, որովհետեւ նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյութիւն ունեցող սահմանափակումների թիւը շուրջ 600-ով նուազելու է: Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծուելու են աւելի բարենպաստ պայմաններ` այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու եւ ծառայութիւններ մատուցելու համար: Համոզուած եմ, որ սա լրացուցիչ խթան է հանդիսանալու մեր տնտեսական կարողութիւնների զարգացման համար: Երկրորդը, այսօր Համաշխարհային բանկը հրապարակել է բիզնես միջավայրի բարելաւման` Doing Business-ի գործակիցը: Ըստ Համաշխարհային բանկի զեկոյցի, մենք այս ուղղութեամբ 6 քայլով առաջ ենք շարժուել եւ 61-րդ տեղից տեղափոխուել ենք 55-րդ հորիզոնական: Կարեւոր եւ յատկանշական է, որ մենք մեր բարեփոխումների քանակով զբաղեցնում ենք առաջին տեղը: Համաշխարհային բանկը գնահատել է, որ 183 երկրների շրջանակում 5 ոլորտներում մենք ունենք էական բարելաւումներ եւ միակն ենք այդ 183 երկրների մէջ, որ 5 բարեփոխումներ դրական են գնահատուել: Մենք ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով երկրորդն ենք ու զիջում ենք միայն Ղազախստանին: Մեր իրականացրած որոշ բարեփոխումներ կ'արտացոլուեն 2012 թուականի հաշուետուութեան մէջ: Այսօր մեր մասնագէտները կը հանդիպեն զանգուածային լրատուական միջոցներին եւ մանրամասն կը ներկայացնեն այս հաշուետուութիւնը: Եւ երրորդ կարեւոր ցուցանիշը` մեր գնահատականներով այս տարուայ առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդիւնքում արձանագրուել է 5 տոկոս աճ: Սա բաւական դրական փոփոխութիւն է: Կարեւոր է, որ ունենք աճ արդիւնաբերութիւնում, գիւղատնտեսութիւնում: Դեռեւս խնդիրներ կան շինարարութեան ոլորտում, որտեղ մենք անկում ենք արձանագրում: Բայց չնայած այդ անկմանը` ընդհանուր առմամբ մեր գնահատականներով, ինն ամսուայ կտրուածքով մենք ունենք համախառն ներքին արդիւնքի 5 տոկոսանոց աճ»:
  -   Տնտեսութիւն