Թբիլիսիում նշուել է Սայաթնովեան վարդատօնը


Թբիլիսիում նշուել է Սայաթնովեան վարդատօնը

  • 01-06-2011 15:09:20   |   |  Մշակոյթ
 Մայիսի 29-ին Թբիլիսիի Ս. Գէորգ եկեղեցու հարեւանութեամբ գտնուող պատմական Մեյդան հրապարակում տեղի է ունեցել մայիսեան աւանդական Սայաթնովեան վարդատօնը: Տօնին ներկայ են եղել հիւրեր Հայաստանից, Արցախից եւ Վրաստանի տարբեր անկիւններից: Հաւաքուածներին տօնի առթիւ շնորհաւորեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանը: Նա մասնաւորապէս ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականութիւնն է այն մեծ ստեղծագործողի առջեւ, որի անունն է Սայաթ-նովայ: Այն ժառանգութիւնը, որը մեր մշակոյթին տուել է Սայաթ-նովան, անգնահատելի է: Թերեւս չկայ մի հայ մարդ, մի հայ մանուկ, որի կեանքը եւ որպէս անհատ ձեւաւորման պրոցեսը անցած չլինի Սայաթ-նովայի հնչիւնների ներքոյ: Սակայն ամէն տարի այս տօնը նշելիս ամէն մէկս պէտք է մի պահ մտածենք, թէ արդեօք մենք ամէն ինչ արել ենք, որպէսզի արժանուոյն գնահատենք Սայաթ-նովայի արուեստը, աշխարհին իսկապէս մատուցենք այն մեծ ժառանգութիւնը, որը թողել է նա մեզ»: Սայաթ-նովայի ստեղծագործական ժառանգութեան մասին ելոյթներ ունեցան նաեւ Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, Վրաստանի նախագահի` ազգային փոքրամասնութիւնների գծով խորհրդական Վան Բայբուրդը եւ Երեւանից ժամանած հիւրեր, նաեւ ընթերցուեց ողջոյնի ուղերձ` Հայաստանի գրողների միութեան անունից: Տօնի կապակցութեամբ կայացած համերգում հանդէս եկան Երեւանից ժամանած «Սայաթ-նովայ» համոյթը` Թովմաս Պօղոսեանի ղեկավարութեամբ, Թբիլիսիի «Ջեյրան» պարային համոյթը` Սուետլանայ Երիցեանի ղեկավարութեամբ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, մենակատարներ Հենրիխ Պօղոսեանը, Անայ Խանչալեանը, Անահիդ Յարութիւնեանը եւ ուրիշներ:
  -   Մշակոյթ