Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման եւ ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց Սերժ Սարգսեանը յանձնել է ՀՀ պետական պարգեւներ


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման եւ ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց Սերժ Սարգսեանը յանձնել է ՀՀ պետական պարգեւներ

  • 25-10-2011 13:41:03   | Ռուսաստան  |  Քաղաքական

Պետական այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնուող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 24-ի երեկոյեան այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման արարողութիւն: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման եւ ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց Սերժ Սարգսեանը յանձնել է Հայաստանի պետական բարձր պարգեւներ: Նախագահը շնորհաւորել եւ շնորհակալութիւն է յայտնել բոլոր պարգեւատրուածներին` նշելով, որ հայ-ռուսական բարեկամութեան ամրապնդման գործում նրանք իրենց շատ որոշակի ներդրումն են ունեցել: Սերժ Սարգսեանը կարեւորել է ձեւաւորուած դարաւոր բարեկամութիւնը եւ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ սերտ յարաբերութիւնները սերնդեսերունդ փոխանցելու եւ յաւէրժ պահպանելու համար շարունակաբար աշխատելը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսութեան ոլորտում համագործակցութեան ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի համար «Ռուսաստանեան երկաթուղային գծեր» Բբը-ի նախագահ Վլադիմիր Եակունինը պարգեւատրուել է Պատուոյ շքանշանով: Հայաստանում 1988 թուականին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Իւրի Սեմեօնովը (ՌԴ) պարգեւատրուել է Անանիա Շիրակացու մեդալով: Հայաստանում քաղաքացիական աւիացիայի բնագաւառի զարգացման գործում համագործակցութեան համար Միջպետական աւիացիոն կոմիտէի նախագահ Տատեանա Անոդինան պարգեւատրուել է Անանիա Շիրակացու մեդալով: Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, հայապահպանութեան գործում ներդրած ծանրակշիռ աւանդի, հայրենիքին մատուցած ծառայութիւնների, ինչպէս նաեւ Հայաստանի եւ օտարերկրեայ պետութիւնների միջեւ բարեկամութեան ամրապնդմանը մեծապէս նպաստելու համար Ֆրիդրիխ Սողոյեանը (ՌԴ) եւ Ռուբեն Դիշդիշեանը (ՌԴ) պարգեւատրուել են Մովսէս Խորենացու մեդալով: Մշակոյթի զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի, ինչպէս նաեւ Արամ Խաչատրեանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորէոգրաֆիական մեկնաբանութեամբ բարձրարուեստ բեմադրելու համար բեմադրիչ-բալետմայստեր Իւրի Գրիգորովիչը պարգեւատրուել է Պատուոյ շքանշանով: Հայաստանի եւ Ռուսաստանի կրթամշակութային կապերի խորացման, ինչպէս նաեւ ԱՊՀ շրջանակում հումանիտար համագործակցութեան ինստիտուտցիոնալ զարգացման գործում ներդրած աւանդի համար ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցութեան խորհրդի համանախագահ Ջահան Պոլիեւան պարգեւատրուել է Մխիթար Գօշի մեդալով:
  -   Քաղաքական