ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանն ողջունել է Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիէի յայտարարութիւնը


ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանն ողջունել է Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիէի յայտարարութիւնը

  • 25-10-2011 13:48:13   |   |  Քաղաքական

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորեանն ողջունել է Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիէի յայտարարութիւնն այն մասին, որ արցախեան հարցում նոր ագրեսիան կը բերի նոր կորուստների: «Փաստօրէն ֆրանսիացի համանախագահը հաստատում է տասնամեակ ի վեր հայկական կողմի յայտարարութիւնն այն մասին, որ Ադրբեջանն ինքն է իրեն դրել այս իրավիճակում` պատերազմ սկսելով Արցախի հետ եւ յարձակուելով Հայաստանի վրայ: Արդիւնքում նա կորցրել է տարածքներ եւ այդ հարցում փորձում է մեղադրել Հայաստանին: Հայկական դիւանագիտութիւնը պէտք է հիմք ընդունի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիէի այս կարեւոր յայտարարութիւնը եւ հասնի նրան, որ ողջ աշխարհը մեղադրի Ադրբեջանին Արցախի նկատմամբ ագրեսիայ կիրառելու հարցում: Այս իրավիճակում բացարձակ անհեթեթ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից անընդհատ կրկնուող ռազմական հռետորաբանութիւնը եւ բացառիկ անթոյլատրելի: Յուսով ենք, նաեւ նրա համար կասկածից վեր է, որ ով սկսի պատերազմ` նա կորցնելու է: Կարծում ենք, որ հայկական դիւանագիտութիւնն այսօր ունի յստակ հնարաւորութիւն` օգտագործելով նախագահ Ալիեւի դիւանագիտական տկարութիւնը հասնելու նրան, որ Ադրբեջանը հասկանայ փոխզիջման անհրաժեշտութիւնը, եւ տարածաշրջանում մշտական խաղաղութեան հասնելու համար` առաջինն ինքը ընդունի Արցախի անկախութիւնը»,- յայտարարել է Աշոտ Գրիգորեանը:
  -   Քաղաքական