Հրազդանի ջերմային կայանը եւ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը միացնող հին էլեկտրագիծը կը փոխարինուի նորով


Հրազդանի ջերմային կայանը եւ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը միացնող հին էլեկտրագիծը կը փոխարինուի նորով

  • 26-10-2011 14:58:08   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը վաւերացրեց ընթացիկ տարուայ յունիսի 1-ին ստորագրուած` «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Էլեկտրաէներգիայի մատակարարման յուսալիութեան ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ազգային ժողովի նախօրէի նիստում հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանն ընդգծել էր, որ Հայաստանի էներգահամակարգը տարածաշրջանում ամենակայացածն է, ինչը տարբեր միջազգային փորձագէտների եւ մասնագէտների կարծիքն է: Նա յայտնել էր նաեւ, որ համակարգը ներկայումս զարգացման փուլում է, եւ յիշեալ ծրագիրն էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի արդիականացման եւ վերակառուցման առաջին փուլն է: Ծրագրով, մասնաւորապէս, նախատեսւում է էլեկտրաէներգիայ արտադրող երկու խոշոր կայանները` Հրազդանի ջերմային կայանը եւ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը, միացնող 220 ԿՎտ հզօրութեամբ գործող էլեկտրագիծը փոխարինել նորով, ինչն էականօրէն կը բարձրացնի էներգահամակարգի թողունակութիւնը եւ էլեկտրամատակարարման յուսալիութիւնը, կը նուազեցնի էլեկտրաէներգիայի կորուստները: Ա.Մովսիսեանի մատուցմամբ, այս հատուածի էլեկտրագիծը բարոյապէս եւ ֆիզիկապէս մաշուած է. շահագործւում է աւելի քան 50 տարի: Ծրագրի ընդհանուր արժէքը` ներառեալ համաֆինանսաւորումը, 52 մլն ԱՄՆ դոլար է: Համաձայնագրով նախատեսւում է, որ ՎԶՄԲ-ն կը տրամադրի 39 մլն ԱՄՆ դոլար վարկ` 25 տարի ժամկէտով, որից առաջին 10-ը` արտօնեալ: Վարկի մարումը կ'իրականացուի 2021-2036թ.թ.-ին:
  -   Տնտեսութիւն