Աջակցութիւն կը ցուցաբերուի անտառամերձ բնակավայրերի անապահով ընտանիքներին


Աջակցութիւն կը ցուցաբերուի անտառամերձ բնակավայրերի անապահով ընտանիքներին

  • 27-10-2011 17:24:44   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ կառավարութեան հոկտեմբերի 27-ի նիստում որոշում է ընդունուել ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դէպքում անտառների անմիջական հարեւանութեամբ գտնուող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտօնութիւն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարուող փաստացի ծաւալների չափաքանակների եւ սահմանափակումների 100 տոկոսի չափով: Ակնկալւում է, որ որոշման ընդունումը թոյլ կը տայ անտառամերձ բնակավայրերի մօտ 60 հազար ընտանիքներն ռաջնահերթ ապահովել անվճար թափուկ վառելափայտով. նախկինում թափուկ վառելափայտ էր յատկացւում 1 խմ-ն 1200 դրամով: Այս առնչութեամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ որոշումն ունի նաեւ յստակ սոցիալական ուղղուածութիւն. «Սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիներն այս հարցն արծարծել էին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Եղաւ Նախագահի յանձնարարականը` ուսումնասիրել իրավիճակը եւ գտնել այնպիսի լուծում, որը, մի կողմից, չի վտանգի անտառները, բայց միւս կողմից կ'ապահովի, որպէսզի բնականոն առաջացած թափուկներն այդ շրջաններում ապրող մեր գիւղացիները կը կարողանան օգտագործել: Այս որոշումն ապահովում է հէնց այդ լուծումը: Աւելորդ քաշքշուկ այլեւս չի լինի, նաեւ իրաւապահ մարմինները կարող էն իրենց ուշադրութեան կենտրոնում պահել այս որոշումը` հնարաւորութիւն տալով մեր գիւղացիներին օգտուել այդ թափուկներից»: Հաշուի առնելով երկրի տնտեսութեան մէջ գիւղատնտեսութեան գերակայ ճիւղ լինելը, կարեւոր համարելով ջերմոցային տնտեսութեան զարգացումը եւ այդ համատեքստում արտաքին շուկաներում գիւղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձեւաւորման նշանակութիւնը, կառավարութիւնը որոշել է մասնակցութիւն ձեռք բերել «հայկական բերքի առաջմղման կենտրոնէ ՓԲԸ կապիտալում դրա 49 տոկոսի չափով եւ այդ նպատակով իւրաքանչիւրը 10 հազար դրամ անուանական արժէքով գնել ընդամէնը 490 բաժնետոմս: Նշուած 4 մլն 900 հազար դրամը կը յատկացուի ՀՀ կառավարութեան աշխատակազմին: Որոշուել է նաեւ «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում ՀՀ պետական բաժնեմասի կառավարման իրաւասութիւնը լիազօրել ՀՀ Նախագահի գլխաւոր խորհրդականին` նրա համաձայնութեամբ: Ծրագիրը, որը հիմնականում նախատեսուած է իրականացնել մասնաւոր կապիտալի ներգրաւմամբ, բացի ներդրողների համար շահաւէտ գործունէութեան ապահովումից, կ'ունենայ նաեւ մակրոտնտեսական եւ սոցիալական մի շարք դրական արդիւնքներ: Նշելով այս հանգամանքը, Տ.Սարգսեանը յաւելել է, որ այս փորձնական ծրագիրն աշխատատեղերի բաւական մեծ աճ է խոստանում. «Եթէ ջերմոցային տնտեսութիւնների զարգացման այս մոդելն իրէն արդարացնի, ապա մենք Հայաստանում` ջերմոցային տնտեսութիւնների մեծ ցանց ունենալու շնորհիւ ակնկալում ենք 40-50 հազար աշխատատեղերի ստեղծում: Հիմնուող ընկերութեան նպատակը Հայաստանի Հանրապետութիւնում նման բիզնէս ծրագրերի ներդրմանն օժանդակելն է»: Իր նիստում կառավարութիւնը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան սոցիալական ապահովութեան պետական ծառայութեան աշխատակազմին թոյլատրել է իրաւաբանական անձանց սպասարկելու նպատակով իրէն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել դեպոզիտային բանկային հաշիւ` կեանքին կամ առողջութեանը պատճառուած վնասի համար սահմանուած կարգով պատասխանատու ճանաչուած իրաւաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դէպքում համապատասխան վճարումների կապիտալացման եւ դրանք տուժողին վճարելու համար: Կառավարութիւնը հաւանութիւն է տուել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման 2012 թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագրի նպատակն է իրականացուող միջոցառումներով կանխել ժողովրդագրական բացասական միտումները եւ կայունացնել իրավիճակը:
  -   Տնտեսութիւն