Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր նորանշանակ դեսպանին


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր նորանշանակ դեսպանին

  • 08-11-2011 18:47:10   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ շնորհաւորել պատասխանատու պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար սուսաննայ Տօնոյեանի տարածած հաղորդագրութեան, դեսպանի խնդրանքով Մ.Վարդանեանը ներկայացրել է նախարարութեան գործունէութեան հիմնական` տրանսպորտի, ճանապարհաշինութեան, կապի եւ հեռահաղորդակցութեան ոլորտները եւ իրականացուող ծրագրերը: Նախարարը յատկապէս կարեւորել է տարածաշրջանային նշանակութիւն ունեցող ծրագրերի իրականացումը, այդ թւում «հիւսիս-հարաւէ աւտոմայրուղու կառուցման, դէպի Վրաստան երկու մայրուղիների վերակառուցման ծրագրերը, ինչպէս նաեւ դէպի «զուարթնոց» օդանաւակայան տանող տրանսպորտային հանգոյցների` ուեւորատար եւ բեռնատար երկաթգծի, նոր աւտոճանապարհի եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը: Մ.Վարդանեանը ներկայացրել է նաեւ երկաթուղու ոլորտում իրականացուելիք երկու` Վանաձոր-ֆիալետովոյ եւ «հիւսիս-հարաւ» երկաթուղու կառուցման ծրագրերը: Անդրադարնալով հեռահաղորդկացութեան ոլորտին` նախարարն առանձնացրել է փոստի եւ լայնաշերտ ինտերնետի ծրագրի իրականացումը: Դեսպան Ջոն Հեֆերնն շնորհակալութիւն է յայտնել նախարարին ջերմ ընդունելութեան համար եւ յոյս յայտնել, որ յետագայում երկուստէք համագործակցութիւնն էլ աւելի կ'ակտիւանայ: Դեսպանը նշել է, որ նոր ծրագրերի իրականացման գործում կը փորձի գտնել ամերիկեան ընկերութիւններ: Դեսպանը հետաքրքրուել է սահմանային հատուածներում երկաթուղու տեխնիկական ներկայ վիճակով, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտով, հեռուստաընկերութիւնների թուայնացման գործընթացով եւ օդանաւակայանի տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրով:
  -   Տնտեսութիւն