Իրանում աւարտւեց Ս. Ստեփանոս Նախավկայ Վանքի կիսաւեր զանգակատունը վերականգնելու աշխատանքը


Իրանում աւարտւեց Ս. Ստեփանոս Նախավկայ Վանքի կիսաւեր զանգակատունը վերականգնելու աշխատանքը

  • 12-11-2011 11:35:28   |   |  Յօդուածներ

Իրանի Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութեան «Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոն»-ի ջանքերով Իրանում աւարտւեց Ս. Ստեփանոս Նախավկայ Վանքի զանգակատան աշխատանքը: 17-րդ դարի Հայ ճարտարապետական կառոյցներից՝ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը, գտնւում է Իրանի Արեւելեան Ատրպատական նահանգում, Ջուլֆա քաղաքից 12 ԿՄ հեռաւորութեան վրայ՝ Արաքս գէտի հարաւային ափին գտնւող այժմ լիովին լքւած Դարաշամբ գիւղատեղիի մօտակայքում, որի միւս ափին գտնւող Նախիջեւանում, 2005 թւականին վայրագութեամբ ոչնչացւեցին հազարաւոր Հայկական մշակութային կոթողներ ու խաչքարեր։ Հարկ է նշել, որ վանքային այս համալիրը 2008 թւականին գրանցւեց Իւնեսկո (UNESCO)-Ի ցանկում։ Վանքը բծախնդիր մեծահոգութեամբ վերանորոգւում է եւ պահպանւում է Իրանահայ համայնքի եւ Իրանի պետութեան կողմից։ Տարիներ փորձեր էին կատարւում կիսաւեր զանգակատունը վերականգնելու համար, սակայն ապարդիւն։ Վերջապէս, աշխատող փորձագէտներն յանգեցին այն եզրակացութեան, որ անհրաժեշտ է օգտւել Հայաստանի ճարտարապետների մեծ փորձառութիւնից ու վարպետութիւնից: Մասնագիտական զեկոյցները ինչպէս նաեւ կարգավիճակը քննարկւելուց ու բանակցութիւններից յետոյ, Հայաստանից հրաւիրւեց այս բնագաւառում հսկայական ու ծաւալուն փորձ եւ վարպետութիւն ունեցող՝ վերանորոգող ճարտարապետ՝ պրն. Ամիրա Բադիշեանն ու իր գործընկեր պրն. Տիգրան Թանգամեանը: Երկու վարպետների բծախնդիր, միաժամանակ սեղմ ու վարպետական աշխատասիրութեան շնորհիւ, չորս ամիսների ընթացքում աւարտւեց այս ծաւալուն ու դժւարին աշխատանքը, ու վերջապէս, 2011 թւականի նոյեմբերի 6-ին երկար լռութիւնից յետոյ ղօղանջեցին Ս. Ստեփանոս նախավկայի պատմական վանքի զանգերն ու օրհնւեց զանգակատունը։ Իրանում աշխատող մասնագէտներն ու վարպետները եւ իրենց կողքին աշխատող իրանցի աշխատողները, անգամներ իրենց հիացմունքն ու զարմանքն արտայայտեցին զանգակատան վարպետօրէն վերականգնումի գործընթացի մասին։ Յատկանշական է, որ հինաւուրց վանքի նորոգւած զանգակատան օրհնութեան հոգեպարար արարողութիւնն ու զանգերի ղօղանջը, խորապէս յուզեց ու խանդավառեց արդէն իսկ վանք ժամանած հին Դարաշամբցիներին, որոնք արցունքներով ու աղօթքով ողջունեցին սրբազան վանքի զանգերի ղօղանջը, որոնք երկար ժամանակից ի վեր, պարտադիր լռութեան էր դատապարտւած, զանգակատան կիսավարտ վիճակի պատճառով։ Դրանք ապրել են վանքի անմիջական հարեւանութեամբ գտնւող Դարաշամբ գիւղում, եւ կամ ծնւել էին նոյն վանքի համալիրում։ Նոյն պատճառով էլ, վանքը կոչւել է նաեւ Դարաշամբի եկեղեցի։ Ս. Ստեփանոս Նախավկայի համալիրի գլխաւոր եկեղեցին կառուցւել է 1643-ին, սակայն մինչեւ 18-րդ դար, անգամներ վերանորոգումների է ենթարկւել։ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի զանգակատան վերանորոգման աշխատանքը կատարւել է Իրանի Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութեան՝ «Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոն» ի պատասխանատու տնօրէն՝ ճրտպ. Շերլի Աւետեանի հսկողութեան ներքոյ։ Զանգակատան վերականգնումի նիւթական ծախսերը հոգացել են նշւած կազմակերպութիւնը եւ «Արաքսի Առեւտրական Ազատ Գօտու» տնօրինութիւնը։ Թեհրան– Ազատ լրագրող՝ ՎԱՐԴԱՆ ԴԱՒԹԵԱՆ
  -   Յօդուածներ