Արամ Կաթողիկոսը Փոխե՞լ Է Իր Ռազմավարութիւնը


Արամ Կաթողիկոսը Փոխե՞լ Է Իր Ռազմավարութիւնը

  • 15-11-2011 17:28:48   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Այս խորագրով գրուած իմ յօդուածը, (տես http://norkhosq.net/?p=7677), բուռն տարակարծութիւնների առիթ հանդիսացաւ, այդ իսկ պատճառով վերադառնում եմ նիւթին, դրա շուրջ մեկնաբանումների փորձ կատարելու նպատակով: Ուրախալի է, որ մեր ընթերցող ու ունկնդրող ազգակիցները անտարբեր չեն գտնւում սփիւռքում եւ հայրենիքում, մեր ազգային կեանքում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ կատարում են իրենց քննադատական ու վերլուծական տեսակէտները: 2011թ. Սեպտեմբերի 18-20-ին Երեւանում տեղի ունեցած «Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողով»-ի մասնակից լինելուս հանգամանքը եւ նաեւ իմ պարտականութիւնները կատարելու ուղղութեամբ, փորձեցի Հայաստանի Gala TV–ի մի հարցազրոյցի միջոցով (http://norkhosq.net/?p=7280) ներկայացնել համաժողովի ընթացքում տեղի ունեցածը եւ յայտնել իմ տեսակէտներն ու կատարել մեկնաբանումներ: Ինչպէս գիտենք, սեղմ ժամանակում տեղի ունեցած այսպիսի ժողովների ընթացքում բոլոր հարցերը քննարկելու եւ վերլուծութիւններ կատարելու հնարաւորութիւն չի լինում, այդ իսկ պատճառով յետ ժողովեան քննարկումներն անհրաժեշտ են: Համաժողովի ընթացքում քննարկուած նիւթերի մէջ առանձնայատուկ հետաքրքրութիւն առաջացրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա.-ի քննադատական ելոյթը՝ ուղղուած Հայաստանի իշխանութիւններին: Արամ Կաթողիկոսի ելոյթը, որը կատարուեց անմիջապէս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի իշխանամէտ ելոյթից յետոյ, բուռն քննարկումների առիթ հանդիսացաւ ժողովի մասնակիցների մօտ: Պէտք է նշել, որ ժողովի մասնակից հոգեւորականների թիւն ակնյայտ բարձր էր, եւ մշտապէս առաջին շարքերում էին գտնւում, աշխարհիկ մասնակիցներին պահելով իրենց թիկունքում: Պէտք է նշել, որ Արամ Ա.-ի ելոյթը ոչ մի նորութիւն չէր պարունակում: Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, տնտեսական ծանր վիճակը, մարդու իրաւունքների ոտնահարման ու արտագաղթի ցաւալի իրողութիւնները նորութիւններ չեն սփիւռքի մասնակիցների համար, իսկ հայաստանցիների համար այդ բոլորը ամենօրեայ փաստացի վիճակ է: Արամ Կաթողիկոսից յետոյ ելոյթ ունեցողների շարքում էր նաեւ ՀՅԴ-ի բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը, որի ելոյթը նույնպէս իշխանութիւնների քննադատութիւն էր եւ մատնանշում էր վերը բերուած թերութիւնները: Ծանօթ լինելով Անթիլիասի կաթողիկոսութեան ստեղծման պատմութեանը եւ ՀՅԴ հետ մշտական մտերմիկ փոխհամագործակցութեան պատմութեանը, դժուար չէր տեսնել, որ ուղիղ կապ կար երկու ելոյթների միջեւ: Մի խօսքով Հայաստանի ընտրութիւնները եօթը սարի ետեւում չեն... Հայաստանի սոցիալ-տնտեսական վատ վիճակը եւ Արամ Կաթողիկոսի մատնանշած ցաւալի երեւոյթները գոյութիւն ունէին նաեւ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն Հայաստանի հանրապետութեան պետական կոալիցիայի հաստատուն անդամներից էր: Վեհափառ Արամ Կաթողիկոսը ինչո՞ւ այն ժամանակ գաւազանը գետին չզարկեց ու չասաց այն բոլորը, ինչ ասաց համաժողովի ընթացքում: Այստեղ կարելի է ասել. Այո՛, ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ, քանզի ՀՅԴ–ն այդպէս է պահանջում: Համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնութիւնը սփիւռքի մտաւորականներ էին՝ գրող, բանաստեղծ, թերթերի խմբագիրներ, ուսուցիչներ, համալսարանների տեսուչներ, դասախօսներ, միութիւնների ու կուսակցութիւնների ղեկավարներ ու հոգեւորականներ, մարդիկ ովքեր հսկայական գիտելիքների պաշար ու աշխատանքի փորձ ունեն: Այսպիսի պատկառելի լսարանի նկատմամբ պահանջւում էր լրջագոյն վերաբերմունք: Ցաւօք, ոմանք չարաշահեցին... Համաժողովի կարեւոր ելոյթներից էր Ռուսաստանի հայերի միութեան եւ համաշխարհային հայկական կոնգրէս-ի նախագահ, ԵՈՒՆԵՍԿՕ- ի բարի կամքի դեսպան Պրն. Արա Աբրահամեանի ելոյթը: Նա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա.–ին եւ ներկայ մեծ թուով վարդապետներին ու սրբազաններին յիշեցրեց, որ Հայաստանեայց Առաքելական եկեղեցին տասնամեակներ շարունակ անթոյլատրելիօրէն մնում է երկփեղկուած: Նա նշեց. Յանուն հայրենիքի ու ժողովրդի, հայ եկեղեցու վերամիաւորումն անյետաձգելի հարց է: Ցաւով պէտք է նշել այն մասին, որ ոչ մի հոգեւորական իր տեսակէտը չարտայայտեց այս կաեւորագոյն հարցի շուրջ... Այո, այս յոյժ կարեւոր հարցում ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ եւ Կիլիկիայի Աթոռը շարունակում է սփիւռքը պահել երկպառակտված ու եկեղեցին քաղաքականացուած ու կուսակցականացուած: Մի շարք եկեղեցական թեմեր, այդ թւում Իրանի երեք թեմերը, մնում են անջատուած Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եւ պահւում են Անթիլիաս- Դաշնակցական միութեան հակակշռի տակ : Միանալով Ռուսաստանի հայութեան նախագահ՝ Պրն. Արա Աբրահամեանի պահանջին, ցանկանում եմ օր առաջ միաւորուած տեսնել հայոց եկեղեցին, մի բան, որը իր բարերար ազդեցութիւնը կ'ունենայ համայն սփիւռքահայութեան համախմբուածության գործում: ԴՈԿՏ. ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ (Համահայկական համաժողովի մասնակից) Ստոքհոլմ Նոյեմբեր 15, 2011 Ռամկավար Մամուլ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը