ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969)ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ


ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969)ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

  • 17-11-2011 09:41:49   |   |  Գրական էջ
(Շար. 1) Արուեստի ինստիտուտը այդ տարիներին զբաղեցնում էր Աբովեան եւ Սայեաթ-Նովա փողոցների խաչմերուկի գողտրիկ շէնքը, որ չգիտես ինչու, յետագայում քանդուեց: Ինստիտուտի տնօրէն Ռուբէն Զարեանը գլխաւորում էր իր ստեղծած Շէյքսփիրագիտական կենտրոնը, որի անդաներից էին Խաչիկ Դաշտենցը, Նշան Մուրադեանը, Հենրիկ Սեւանը եւ այլոք, սակայն խմբի նիստերին յաճախ ներկայ էին նաեւ դրսից եկած գիտնականներ: Այսպէս, հերթական մի նիստից առաջ, տնօրէնի նախասենեակում բոլորիս ուշադրութիւնը գրաւեց էլեգանտ, բարձրահասակ, ալեհեր անծանօթ մէկը, որ Ստանիսլավսկուն էր յիշեցնում: Դա ինքը՝ Կոստան Զարեանն էր, որին առաջին անգամ էի տեսնում: Այնուհետեւ նրան յաճախ էի տեսնում, երբ Աբովեան փողոցով իջնելիս գրաւում էր բոլոր անցորդների ուշադրութիւնը: Նոյն՝ 1966ի ամրանը, Ակադեմիայի հրաւէրով, անուանի ճարտարապետ Արմէն Զարեանի (1914-1994. Կոստան Զարեանի որդու) նախաձեռնութեամբ առաջին անգամ Հռոմից (իրենց իսկ Fiat փոքր աւտոմեքենայով), Հայաստան էին ժամանել իտալացի չորս ճարտարապետներ՝ Փաօլօ Գունէօն, Թոմազօ Պրեճճա-Ֆրաթատոքքին, Ճանլուիճի Նիկրօն եւ Մաուրիցիօ Կուիտին, ուսումնասիրելու հայ միջնադարեան ճարտարապետութեան նմոյշները: Յիշենք նաեւ, որ դա սկիզբն էր միայն հայ-իտալական ճարտարապետ-գիտնականների համագործակցութեան՝ հայ ճարտարապետական արուեստը համաշխարհային ճանաչման արժանացնելու գործում, որ շարունակուեց մի քանի տասնամեակ: *** Իտալացիների ժամանման յաջորդ օրը Ինստիտուտի փոխտնօրէն Սաբիր Ռիզաեւը (1924-1978), ազգությամբ ոչ հայ, բայց հայ թատրոնի երախտաւորներից, անչափ բարեկիրթ ու համակրելի, ինձ կանչեց իր առանձնասենեակը, ասելով. - Վաղուանից քեզ ազատում ենք ինստիտուտի պարտականութիւններից, աշխատելու ես Արմէն Զարեանի հետ, մինչեւ Իտալացիների մեկնումը: Պէտք է ուղեկցես նրանց, թարգման լինես (նրանք բոլորը հրաշալի ֆրանսերէն էին խօսում), եւ առհասարակ օգնես Արմէնին, ինչ որ նա քեզ կ?ասի: Դժուար թէ պատկերացնէի աւելի հետաքրքիր առաջադրանք, այցելել յուշարձանները, լսելով անուանի ճարտարապետների մեկնաբանութիւնները, ու նաեւ թէ Արմէնը հիւրերին ինչպէս է իտալերէն թարգմանում (Համալսարանում ֆրանսերէնից յետոյ որպէս երկրորդ օտար լեզու իտալերէն էինք սովորել եւ հիմա առաջին անգամ կարող էի լսել Իտալացիներից…): Ճարտարապետական այս կարեւոր առաքելութիւնը վերջացաւ Օգոստոսի վերջին եւ մեր հիւրերը նոյն Fiat-ով պէտք է վերադառնային Հռոմ: Մենք զարմացած հարցնում էինք, թէ ինչպէ՞ս կարելի է այդ փոքր մեքենայով Հռոմ հասնել... Հիւրերի մեկնելու նախօրեակին Արուեստի ինստիտուտը գրեթէ ողջ կազմով հրաժեշտի ճաշկերոյթ էր տալու «Արարատ» ճաշարանում, որը նորովի ու շքեղ ձեւաւորել էր անուանի քանդակագործ-խեցեգործ Հմայեակ Բդէեանը: Նա հէնց ինքը նախաձեռնել ու անձամբ ղեկավարում էր այդ երեկոն: Ներկաների մէջ էին անուանի ճարտարապետներ Ալեքսանդր Սահինեանը, Ստեփան Մնացականեանը, Միքայէլ Մազմանեանը, նրանցից կրտսեր՝ Մուրադ Հասրաթեանը, որոնց սրտառուչ ճառերը Արմէն Զարեանը թարգմանում էր ջերմ մթնոլորտով արբեցած Իտալացիներին: Անշուշտ, գինին նոյնպէս առատ էր, սեղանները ճոխ, երաժշտութիւնը ճաշակով, որի տակ բոլորս պարում էինք: Երեկոյին ներկայ էր նաեւ Կոստան Զարեանը, որը նոյնպէս զուարթ տրամադրութեամբ զրուցում էր Իտալացիների հետ, մի առանձին շքեղութիւն տալով երեկոյթին: Պիտի ասեմ, որ դա մի բացառիկ ու անմոռանալի հանդէս էր, անկեղծ, ջերմ մթնոլորտում: Ու մէկ էլ, հոգեպարար այդ գլխապտոյտի մէջ, անսպասելի ինձ է մօտենում մեծարգոյ Կոստան Զարեանը՝ ասելով. - Ինծի մատնեցին, որ դուք ֆրանսերէն գիտէք: Ես պէտք ունիմ մէկի, որ ինձ օգնէ: Ես անասելի շփոթւում եմ, ի՜նչ ֆրանսերէն, ի՜նչ բան… հայերէնս էլ եմ մոռանում, զգում եմ, որ երեսս այրւում է, բառերս կապ են ընկել: Թերեւս իր գործերից կարդացած չլինէի, այլ կերպ կ?ընդունէի այդ պահը: Ինչեւէ, մի կերպ հաւաքում եմ ինքս ինձ եւ կմկմալով պատասխանում. - Բայց ես աշխատում եմ, Վարպետ (այդպես էին նրան դիմում Երեւանում, ինչպէս դիմում էին Իսահակեանին եւ Սարեանին, իսկ «Մաէսթրօ»՝ Երուանդ Քոչարին): Վարպետը հանգիստ ժպտում է, ասելով. - Ռուբէն Զարեանի հետ արդէն կարգադրուած է,- ապա զգալով շփոթմունքս, աւելացնում. - Վաղը տուն եկէք, կը խօսենք: Երեկոն աւարտուեց Կոստան Զարեանի իտալերէն փայլուն ճառով, իբրեւ հրաժեշտի խօսք՝ Իտալացիներին: Յաջորդ օրը Արմէնի գլխաւորութեամբ (նաեւ իր Արա որդին) ինստիտուտի գիտ. քարտուղար Մարգարիտ Տէր-Սիմոնեանը, Մուրադ Հասրաթեանը եւ ես, թանկագին հիւրերին ուղեկցեցինք մինչեւ Սեւան, նրանց հրաժեշտ տալով այնտեղ: *** Երկու օր յետոյ, պայմանաւորուած ժամին Զարեանի տուն գնացի, որ Ակադեմիայի շէնքի ճիշդ կողքին էր. Աբովեան 17, Բ. մուտք, Գ. յարկ: Գնացի, տարակուսած ու երկիւղածութեամբ, զգալով, որ ինձ պարտաւորեցնող, գուցէ անհնարին առաջադրանք է սպասւում: Դժուարանում էի պատկերացնել ինստիտուտի աշխատանքը, երեխաս… էլ չասած, որ դիմացս կանգնած էր Կոստան Զարեանը... Խօսեցինք, նա հանգիստ բացատրեց անելիքս, դիրեկտորիս համաձայնութիւնը եւ որ օրուայ կէսը զբաղուելու եմ իմ գործով, իսկ երկրորդ կէսը՝ իր համար: Այլեւս երկընտրանք չունէի: Յաջորդ օրուանից սկսեցի աշխատել, ամեն օր կէսօրից մինչեւ 5ը (եւ աւելի): Այս համագործակցութիւնը շարունակուեց շուրջ 10 ամիս, 1966ի Սեպտեմբերի սկզբից մինչեւ 1967ի Յունիսի 27ը: *** Այդ տասը ամիսներին, երբ ես 26-27 տարեկան էի, աշխատել եմ գրի առնել մեծ գրողի որոշ մտքերը, յիշողութիւնները, զրոյցները՝ յատկապէս բոլորիս սիրելի Լեւոն Ներսիսեանի (1931-1999) հետ, որը այդ ընթացքում, գոնէ իմ տեսած, միակ այցելուն էր Զարեանին, գրեթէ ամեն օր, չմոռանալով նաեւ քանդակագործ Արթօ Չաքմաքճեանին, որին եւս տեսել եմ մի քանի անգամ (Զարեանը եւ Չաքմաքճեանը արեւմտահայերէնով էին խօսում): Ի դէպ, Վարպետը Լեւոն Ներսիսեանին նոյնպէս «Քարտուղար» էր կոչում: Շատ չանցած Չաքմաքճեանը կերտեց Զարեանի դիմաքանդակը, իսկ Մարտիրոս Սարեանը եւ Մինաս Աւետիսեանը նրա դիմանկարները: Տարիներ ի վեր եղած գրառումներս խնամքով պահելով, երբեմն շտկումներ եմ կատարել, վերադասաւորել, մտորումների մէջ ընկել, երբեք չհամարձակուելով աւելին: Քանի որ վերջերս (2010ին) լրացաւ մեծ գրողի ծննդեան 125ամեակը, նաեւ լրագրող-հրապարակախօս Մարգօ Ղուկասեանի յորդորանքով, պարտքս համարեցի ընթերցողին ներկայացնել այդ նիւթերից որոշ ծաղկաքաղ, բնաւ յաւակնութիւն չունենալով գրականագիտական վերլուծութեան ու մեկնաբանման: (Շար. 2) ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ ՆՅ
  -   Գրական էջ