ՆԻՍԻ «ALLIANCE PANARMÉNIENNE»Ը ԱՊՐԵՑ ՈՒ ԱՊՐԵՑՐԵՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՏԻՊ ՄԻ ԵՐԵԿՈՅ


ՆԻՍԻ «ALLIANCE PANARMÉNIENNE»Ը ԱՊՐԵՑ ՈՒ ԱՊՐԵՑՐԵՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՏԻՊ ՄԻ ԵՐԵԿՈՅ

  • 17-11-2011 09:44:05   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Նիսի «Alliance PanArménienne» կազմակերպութիւնն իր շրջանակում հիւրընկալեց պատւարժան Մուշեղ Աբրահամեանին, որը Րաֆֆու «Խենթ» վէպը հայերէնից թարգմանել է ֆրանսերէն լեզուի, եւ ճարտարապետ-երաժիշտ՝ Պարոն Մովսէս Տէր-Գէորգեանին: Լինելով Ավինեոնի «ARA» մշակութային միութեան նախագահ, ունենալով մեծ ներդրում Ֆրանսիայում բնակուող հայ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան գործում, Պարոն Աբրահամեանն իր թարգմանութեամբ ցանկացել է ֆրանսիացի ընթերցողին ծանօթացնել հռչակաւոր հայ գրողին՝ Րաֆֆուն, իր ճանաչուած «Խենթ» վէպով, որտեղ զետեղուած են ԺԹ. դարաշրջանում հայ, թուրք եւ քուրդ ազգերի միջյարաբերութիւնների մասին փաստերը: Գրքում ընդգրկուած են հայ ազգի Ցեղասպանութեան այն փաստերը, որոնք տեղի են ունեցել սկսած 1878-1878 թուականներից, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Այն հարցին, թէ ինչո՞ւ է ընտրել հէնց այս աշխատութիւնը, Մուշեղ Աբրահամեանը պատասխանեց, որ սա իր առաջին թարգմանութիւնն է եւ նախընտրել է այն պատճառով, որ հէնց այստեղ աւելի մանրակրկիտ պատմութիւններով եւ տեղեկութիւններով Րաֆֆին ճշմարիտ, փաստացի տուեալներ է մեզ փոխանցում անկախութեան գաղափարի՝ հայ պետականութեան անհրաժեշտութեան մասին: Ունկնդիրների հարցերին պատասխանելով յայտնի դարձաւ, որ թարգմանութիւնում նա չի փոփոխել հայկական աւանդական մի շարք առարկաների անունները. պահելով հայերէն տարբերակը, բառի կողքին տուել է ֆրանսերէն մեկնաբանութիւնը: Դրանցից են օրինակ, թոնիր, լաւաշ, գորգ, թան եւլն…: Հարցազրոյցի ժամանակ խօսուեց նաեւ հայ ժողովրդի ներկայիս դժուար, ծանր վիճակի մասին, որի հետեւանքն է հոծ խմբերով արտագաղթը հայրենիքից: Նա կոչ արեց ներկայ գտնուող երիտասարդ սերնդին՝ ոգեշնչուել, կրթուել եւ հնարաւոր չափով օգտակար լինել հայրենիքին: Խօսքն աւարտուեց հանդիսատեսի բուռն ծափահարութիւններով, բարձր գնահատական տալով Պարոն Աբրահամեանի կամքին եւ հայրենասիրական ոգուն: Երեկոյի երկրորդ մասում մեզ մօտ հիւր էր Պրիւքսէլի բնակիչ լիբանանահայ ճարտարապետ-երաժիշտ՝ Պարոն Մովսէս Տէր-Գէորգեանը: Ծնուել է եւ մեծացել Պէյրութ քաղաքում: Նա իր հայրենասիրական վեհ զգացումներն ու գաղափարախօսութիւնը, իր անբաժան ընկեր՝ կիթառի նուագակցութեամբ, ճկուն մատների խաղով դնում է իր երգերի մէջ: Համերգն անցաւ ուրախ, բարձր տրամադրութեամբ, որի ընթացքում ներդաշնակ կապ ստեղծուեց երգչի ու հանդիսատեսի միասնական կատարման մէջ: Երգացանկի էջերում տեղ էին գրաւել հայրենի ու օտար հողերի վրայ ստեղծագործող ճանաչուած երգիչների ծանօթ երգերը: Կարեւոր բաժին էր յատկացուած Մուշեղ Իշխանի բանաստեղծութիւններով յօրինուած Արթուր Մեսչեանի, ինչպէս նաեւ ժողովրդին հոգեհարազատ եւ տարածում ստացած՝ Ռուբէն Հախվերդեանի, Ռոպէր Ամիրխանեանի հայրենասիրական երգերին: Ընթացքում տեղի ունեցող հարցազրոյցի ժամանակ Մ. Տէր-Գէորգեանը նշեց, որ նկատի ունենալով այն յայտնի վիճակը, որի մէջ է գտնւում աշխարհասփիւռ մեր ժողովուրդը, ներկայումս Մայր հայրենիքի շուրջ համախմբուելու, արտասահմանում հայ ազգին կենդանի, միասնական պահելու խնդրում վիթխարի դեր է խաղում հայ ազգային երգի ուժը: Իր գեղեցիկ կատարմամբ ու հայաշունչ երգերով, Մովսէս Տէր-Գէորգեանն օգնեց մեզ վերապրել իւրաքանչիւրիս անցած ճանապարհն իր ուրախ ու տխուր հոգեվիճակներով: Լսելով «Արի իմ սոխակ» երգը՝ մի տեսակ այլ յուզում ես ապրում, ողջ մարմնով սարսռում ես, շունչդ կտրւում է, աչքերդ ողողւում են արցունքներով եւ կոկորդիդի մէջ խեղդում ես հեծկլտալու տենդագին ցանկութիւնդ: Կարծում եմ շատերին են ծանօթ այդ ապրումները… Համերգն աւարտելով հին ու նոր երգերով, բազմակողմանիօրէն զարգացած լիբանանահայ հայրենակիցը արժանացաւ բարձր, ջերմ գնահատականի ու շնորհակալական երկարատեւ ծափահարութիւնների: Այս անմոռանալի երեկոյի ինքնատիպութեան համար մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում «Alliance PanArménienne» միութեանը, նրա ղեկավարներին, յիշելով որ ազգային ինքնութիւնը պահպանելու կարեւոր հիմնաքարերն են մշակոյթը, լեզուն, աւանդոյթները… ԿԱՐԻՆԷ ԱՅՎԱԶԵԱՆ «Նոր Յառաջ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը