Սերժ Սարգսեան.Ադրբեջանի սանձազերծած սպառազինութիւնների մրցավազքը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար


Սերժ Սարգսեան.Ադրբեջանի սանձազերծած սպառազինութիւնների մրցավազքը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար

  • 17-11-2011 19:06:01   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանի սանձազերծած սպառազինութիւնների մրցավազքը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարաւային Կովկասի, այլեւ առաւել լայն ընդգրկմամբ` տարածաշրջանի անվտանգութեան տեսանկիւնից: Այս մասին յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը` «Տարածաշրջանային անվտանգութեան դինամիկան Հարաւային Կովկասում» միջազգային գիտաժողովի ժամանակ: Նա իր ողջոյնի խօսքում, մասնաւորապէս, ասել է. «Հարաւային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ էն եւ յաճախ դժուար կանխատեսելի` ենթակայ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման ու մրցակցութեան ազդեցութեանը: Այս հանգամանքը տարածաշրջանի պետութիւնների համար ստեղծում է ինչպէս լրացուցիչ հնարաւորութիւններ, այնպէս էլ որոշակի մարտահրաւէրներ: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը կառուցուած է տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների հետ փոխշահաւէտ համագործակցութեան ու փոխադարձ յարգանքի, նրանց շահերի համադրման տրամաբանութեամբ: Մենք վստահ ենք, որ բաց սահմանները եւ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող էն լաւագոյն խթան դառնալ փոխըմբռնման ու փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորման, հետեւաբար նաեւ քաղաքական խնդիրների կարգաւորման համար: Փոխարէնը տարածաշրջանի պետութիւնների միջեւ բաժանարար գծերի խրախուսմանն ուղղուած քաղաքականութիւնն անխուսափելիօրէն կը յանգեցնի ամբողջ Հարաւային Կովկասում անկայունութեան ու անվստահութեան մթնոլորտի ստեղծմանը: Տարածաշրջանի առջեւ ծառացած առանցքային մարտահրաւէրներից էն չկարգաւորուած հակամարտութիւնները, որ կարօտ էն համապարփակ ու վերջնական լուծման: Մենք բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ առկայ հակամարտութիւնները կարող էն կարգաւորուել բացառապէս խաղաղ բանակցութիւնների միջոցով` միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների յենքի վրայ: Չեմ վարանում կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման Հայաստանի համար միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձեւաչափն է: Մեր խորին համոզմամբ` տարածաշրջանում տեւական խաղաղութիւն ու կայունութիւն կարող էն հաստատուել միմիայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան եւ իր ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու երաշխաւորուած ապահովմամբ: Ադրբեջանի սանձազերծած սպառազինութիւնների մրցավազքը, Եւրոպայում սովորական սպառազինութիւնների մասին պայմանագրով նախատեսուած առաստաղների բազմակի գերազանցումը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարաւային Կովկասի, այլեւ առաւել լայն ընդգրկմամբ` տարածաշրջանի անվտանգութեան տեսանկիւնից: Ստեղծուած պայմաններում Հայաստանը հարկադրուած է առաւել մեծ ուշադրութիւն դարձնել իր պաշտպանական համակարգի արդիականացմանը` որպէս տարածաշրջանում ռազմատենչ նկրտումների զսպման ու կայունութեան ապահովման կարեւոր գործօնի: Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում էական դեր ունի նաեւ էներգետիկ գործօնը: Հայաստանն ըմբռնումով է մօտենում էներգակիրների մատակարարման աղբիւրների եւ ուղիների բազմազանեցմանը միտուած քաղաքականութեանը: Այդուհանդերձ, նոր էներգետիկ ծրագրերը չպէտք է օգտագործուէն տարածաշրջանում ձեւաւորուած ուժային հաշուեկշռի խախտման նպատակով: Նման քաղաքականութիւնը ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանի առանձին պետութիւնների անվտանգութեան համար, այլեւ կարող է լրջօրէն վտանգել էներգետիկ տարանցման ուղիների անխափան գործունէութիւնը: Չի կարելի թոյլ տալ, որ Հարաւային էներգետիկ միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբիւր: Դա չի բխում ոչ տարածաշրջանի անվտանգութեան եւ ոչ էլ նաւթային ու գազային ընկերութիւնների շահերից: Մեր օրերում անվտանգութեան եւ զարգացման փոխկապակցուածութիւնն այլեւս աքսիոմ է: Հէնց այս նկատառումից ելնելով էր, որ 2008 թուականին մենք նախաձեռնեցինք Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը` որպէս առաջին քայլ առաջարկելով հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ եւ բացել սահմանները` առանց նախապայմանների: Հայաստանն այսօր էլ հաւատարիմ է այն սկզբունքներին, որոնք հռչակել էր այդ գործընթացը նախաձեռնելիս: Եւ պէտք է նշել, որ միջազգային-իրաւական պարտաւորութիւնները կեանքի կոչելու համար այսօր Թուրքիայից պահանջւում է անհրաժեշտ քաղաքական կամք: Կարեւորելով պետական մակարդակով ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ մասնագիտական խորհրդատուական աջակցութեան նշանակութիւնը` Հայաստանն արժեւորում է միջազգային հեղինակաւոր վերլուծաբանների մասնակցութեամբ գիտաժողովները, քանի որ դրանք հնարաւորութիւն էն ընձեռում փորձագիտական մակարդակով քննարկելու տարածաշրջանում առկայ խնդիրները եւ առաջարկելու հնարաւոր լուծումներ»:
  -   Քաղաքական