ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ «ՄԵՐՁԵՑՄԱՆ» ՇՈՒՐՋ հարցազրոյց՝ ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆԻ հետ
Հ.− Բացի Երեւանէն եւ Պոլսէն, այլ տեղ հանդիպումներ չունեցա՞ք։
Պ.- Ունեցանք։ Մի 6-7 ամիս յետոյ Վիեննայից ստանում եմ մի նամակ, որտեղ ինձ եւ Միւժկան Սուվարին՝ «Մարմարա կրուփ» իրաւապաշտպան կազմակերպութեան նախագահին, խնդրում են Վիեննայում հանդիպել եւ աւարտին հասցնել մեր ընդհատուած քննարկումները։ Ես գրեցի, որ քննարկումներն աւարտուած են, եւ գործակցութեան դաշտ չկայ։ Բայց այդ նամակները երկար եւ տեւական շարունակուեցին. մի տիկին էր գրում Վիեննայից, որ իրենք նոր ձեւաչափ են առաջարկում, մեր փաստարկները գիտեն եւ ընդունում են, մի խօսքով՝ երկար-բարակ բանակցութիւններից յետոյ որոշեցինք մէկ օրով հանդիպել Վիեննայում։ Նորից՝ նոյն բառամթերքը, նորից նոյն փաստարկները, անիմաստ քննարկումներ… վերադարձայ, եւ միայն 2-3 տարի յետոյ ես իմացայ, որ դա գերմանական Պունտեսթակի ծրագիրն էր, որն իր տարեկան հաշուետւութեան մէջ հայ-թուրքական մերձեցման իր ծրագրերում կարող էր եւս մէկ տող աւելացնել, այն է՝ «Վիեննայում հայ եւ թուրք կանանց քննարկումները»։
Հ.− Այսինքն, անկախ՝ հանդիպումներու վայրի եւ ձեւաչափի փոփոխութենէն, թրքական կողմի ձեւակերպումները կը մնային նո՞յնը։
Պ.- Մի հետաքրքիր բան պէտք է ասեմ. այս շփումների դաշտում մի հետաքրքիր թուրք լրագրողուհի կար՝ Լէյլա, ազգանունը յետոյ կարող եմ ճշդել, ասել. սովորաբար ինքը արտաքին քաղաքական խնդիրների լուսաբանութեամբ էր զբաղւում, եկել էր Հայաստան՝ Օսկանեանի հետ հարցազրոյց ունենալու, պնդեց որ հանդիպի իմ հետ, եւ այդ հանդիպման վկան էլ՝ մեր զրոյցը թարգմանող Աշոտ Սողոմոնեանն էր (միւս հանդիպումներն էլ էին թուրքերէն լինում, եւ կա՛մ Սողոմոնեանն էր թարգմանում Հայաստանում, կա՛մ այնտեղից ուրիշ թարգմանիչներ էին լինում, բացի Վիեննայի հանդիպումից, որն անգլերէն էր)։ Այս խօսակցութիւնն ինձ համար շատ կարեւոր՝ լակմուսի թղթի նման մի բան էր. Լէյլան բանիմաց մարդ է, հմուտ լրագրող, լաւ կրթութիւն ունի. շատ քաջատեղեակ է. իր պապը, կարծեմ, թուրքական մեճլիսի անդամ էր, եւ փաստօրէն քաղաքական գործունէութեամբ զբաղուող ընտանիքի ժառանգ էր։ Մեր զրոյցը տեւեց մօտ 3 ժամ։ Իր ասածն այն էր, որ իբր ես եւ իմ նման մտածողները Հայաստանում խորապէս սխալւում ենք, եթէ անմիջապէս եւ շատ սիրալիր չենք արձագանգում Թուրքիայի համագործակցութեան առաջարկին՝ Թուրքիայի առաջարկած պայմաններով։ Եւ եթէ իմ երկիրը այդքանը չի հասկանում, ապա նա դեռ կը տեսնի Թուրքիայի հզօրութիւնը. եթէ Թուրքիան որոշում է այս կամ այն հարցը մի ձեւով լուծել, ապա ինքն անպայման հէնց այդպէս էլ լուծում է, իսկ եթէ մենք ժամանակին չենք հասկանում ու ճիշդ ձեւով չենք արձագանգում, ապա դրանից յետագայում կարող ենք ունենալ շատ դառը ափսոսանքի զգացողութիւն։ Անկեղծ ասած՝ ես էլ առանձնապէս մեղմ թոնով չէի խօսում. այդ երեք ժամուայ զրոյցն իսկապէս ծանր խօսակցութիւն էր, եւ բնականաբար ինձ համար էլ ընդունելի չէր յատկապէս, որ իմ հիւրն իմ տան մէջ խօսում է սպառնալիքի թոնով։ Մի քանի անգամ փորձեցի ասել, որ մենք ընդամենը մասնաւոր անձինք ենք, եւ ըստ այդմ՝ միայն մեր կարծիքի մասին կարող ենք խօսել, պէտք չկայ որ դու ինձ հետ խօսես Թուրքիայի անունից եւ ինձ դնես Հայաստանի ամբողջ պետական ու հանրային կարծիքը արտայայտողի տեղ։ Դրանից յետոյ ես ասացի, որ յոյս ունեմ՝ գոնէ ինձ հետ այլեւս որեւէ քաղաքացիական քննարկում չի նախաձեռնուի իր խմբի կողմից, եւ այդպէս էլ եղաւ։
Հ.− Արդեօ՞ք Թուրքերը ժամանակ շահելու, կամ ալ հոգեբանական ճնշում բանեցնելու նպատակ ունէին։
Պ.- Այն ժամանակ ես արդէն սկսեցի կասկածել, թէ ինչո՞ւ էր Թուրքիան ուզում շարունակել այս քննարկումները, եթէ տեսնում էր, որ քոնքրեթ մեր դէպքում դա հնարաւոր չէր։ Բայց հասկանում էի նաեւ, որ սա մի ծրագրի մաս է, որը պէտք է շարունակի ընթացք ունենալ։ Եւ սկսեցի ուղղակի ուշադիր հետեւել հայ-թուրքական տարբեր ձեւաչափերի քննարկումներին, դրանց մասնակիցներին եւ նրանց մօտեցումներին… Բայց յետոյ, երբ Հրանդ Տինքին սպաննեցին, ես շատ սպասում էի, որ «Մարմարա-կրուփ»ը մամուլում որեւէ արձագանգ կու տայ այդ ոճրագործութեանը, յատկապէս որ Հրանդը այդ խմբի հետ էր աշխատում եւ թուրքական կողմից էր՝ որպէս թուրք հանրութեան ժողովրդավարութեան եւ բազմակարծութեան ապացոյց։ Սակայն ոչ մի արձագանգ չեղաւ։ Եւ իմ վերջին յարաբերութիւնը այդ խմբի հետ այն էր, երբ ես չկարողացայ զսպել իմ ցաւալի գայթակղութիւնը եւ նամակ գրեցի իրենց, որ ինձ շատ զարմացնում է ձեր քար լռութիւնը Հրանդի մահուան կապակցութեամբ՝ մի մարդու, որը մեծ ջանքեր էր թափում՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորելու այն ձեւաչափով, որ դուք էիք ընտրել վերջապէս։
Յարգելի Միւժկա՛ն , Լէյլա՛, «Մարմարա կրուփ»ի մարդու իրաւունքի պաշտպաններ
Վերջին երկու օրը շարունակ վերադառնում եմ հայ−թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնների մեր զրոյցներին։ Դուք անընդհատ պնդում էիք, որ մենք՝ Հայերս, պէտք է ցեղասպանութիւնը դիտենք որպէս անցեալ, պատմութիւն, եւ Թուրքիայի ու Թուրքերի հետ մեր յարաբերութիւնները փորձենք կառուցել՝ շրջանցելով անցեալը եւ նայելով դէպի ապագայ։ Մենք ասում էինք, որ ցեղասպանութիւնը մեզ՝ Հայերիս համար անցեալ չէ։ Կարծում եմ, որ մեզ բոլորիս շատ լաւ ծանօթ Հրանդ Տինքի սպանութիւնը ապացուցեց, որ ներկան անցեալի շարունակութիւնն է։
Թուրքիայում այդպես էլ չհաշտուեցին երեւոյթներն իրենց անունով կոչելու մարդու իրաւունքի հետ, ինչպէս անցեալի, այնպէս էլ ներկայի երեւոյթները։ Հրանդ Տինքն ընդամենն ուզում էր իր հայրենիքում՝ Թուրքիայում յարգուած տեսնել մարդուն, խօսում էր այն մասին, որ մարդիկ ոչ թէ իշխանութեանը ծառայեն, այլ՝ իրենց երկրին, իրենց հայրենիքին։ Նա խորապէս սիրում էր այդ հայրենիքը եւ փորձում էր իր վաստակը բերել նրա զարգացմանը։ Նա բազմաթիւ թուրք ընկերներ ունէր, որոնց ջերմօրէն սիրում էր։ Բայց Հրանդ Տինքն օտար էր Թուրքիայում, կրկնակի օտար։ Նախ՝ ուղղակիօրէն իշխանութեանը չծառայելու, երկրորդ՝ հայ լինելու եւ իր հայ լինելը յիշելու համար։ Իսկ օտարները Թուրքիայում շարունակում են դատապարտուած մնալ։ Յատկապէս, եթէ այդ օտարներն իրենց թոյլ են տալիս հարազատ զգալ։ Թերեւս հէնց դա է պատճառներից մէկը, որ իրական թրքասէր Թուրքերը, իրենց ժողովրդին սիրող մարդիկ այս օրերին Ակօս թերթի խմբագրատան առաջ վանկարկում էին, որ իրենք Հայ են։ Վստահաբար ոչ թէ Հայերի հանդէպ էթնիկ համակրութեան պատճառով, այլ իրենց ժողովրդին՝ Թուրքերին սիրելու պատճառով։ Կարեւոր չէ, սիրում են նրանք Հայերին, Քրդերին, Ասորիներին, Արաբներին, Հրեաներին թէ ոչ, կարեւորն այն է, որ նրանք դատապարտում են այդ ժողովրդի ներկայացուցիչների հանդէպ բռնութիւնը՝ անկախ իրենց համակարանքների կամ հակակրանքների։ Որովհետեւ սիրում են նախ եւ առաջ Թուրքերին եւ ուզում են մաքուր տեսնել իրենց ժողովրդին։ Ուզում են հպարտ ապրել իրենց հայրենիքում։ Ուզում են, որ իրենց երեխաներից դահիճներ չսարքեն։ Խորապէս վստահ եմ դրանում։
Յարգելի Միւժկան
Ես փնտռում էի Հրանդ Տինքի սպանութեան հանդէպ ձեր եւ ձեր կազմակերպութեան՝ թէ որպէս մարդու իրաւունքների պաշտպանի, թէ որպէս Հայաստանի ու Հայերի հետ յարաբերութիւնները կարգաւորելու նպատակ ունեցող մարդկանց, արձագանքը։ Փնտռում էի մամուլում եւ, ինչ մեղքս թաքցնեմ, սպասում էի ձեր նամակին մեզ։ Եթէ ոչ դատապարտող, ապա գոնէ՝ ցաւակցական նամակին։ Այն չկայ։ Ես կրկին համոզուեցի, որ Հայերի հետ գործընկերութիւն փնտռող ձեր կազմակերպութիւնը թէ՛ ձեւով, թէ՛ բովանդակութեամբ ոչ թէ հասարակական, այլ ընդամենը ձեր երկրի իշխանութեանը ծառայող կազմակերպութիւն է, եւ ձեր հասարակական նախաձեռնութիւնը անկեղծ չէ։ Ինչպէս առիթ ունեցել էի համոզուելու, երբ ձեր կազմակերպութեան հետ միասին հանդէս եկող պառլամենտական տիկինը առանց մեզ հետ համաձայնեցնելու, մամուլով յայտարարել էր, որ իբրեւ թէ մենք՝ թուրք ու հայ կանայք կոչ ենք անում որեւէ երրորդ կողմի չխառնուել հայ−թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, քանի որ մենք ինքներս յաջողութեամբ այդ անում ենք։ Յիշում եմ տարիներ առաջ մեր ապրած հիասթափութիւնը այդ կեղծիքի համար, այդ յայտարարութիւնը մամուլով հերքելու մեր արձագանգը եւ դրան հետեւած ձեր վերաբերմունքը։ Դուք համոզում էիք, որ շարունակում էք հաւատարիմ մնալ թուրքական հասարակութիւնը դրականօրէն փոխելու հասարակական ձեր առաքելութեանը, ձեր ծրագրին։ Ուրեմն մի՞թէ որեւէ դատապարտելի բան չէք տեսնում հայազգի լրագրողի, ուղղակի հայ մարդու սպանութեան մէջ։ Եթէ նոյնիսկ ցաւ չէք ապրում մարդու սպանութեան համար, մի՞թէ ցաւ չէք ապրում, որ սպանութեան իրականացման այդ գործիքը ընդամենը տասնեօթամեայ պատանի է։ Մի՞թէ տագնապ չունէք, որ անչափահասների հոգին այլասերող ազգատեացութիւնը կարող է կործանարար լինել ձեր ժողովրդի համար՝ նոր երիտթրքական, Աստծոյ կողմից մարդուն տրուած ամենասուրբ իրավունքը՝ կեանքի իրաւունքը խլող սերունդ ձեւաւորելով։ Կարո՞ղ էք արդեօք դուք, ձեր կազմակերպութիւնը գնահատել, թէ Թուրքիայում քանի՛ տասնեօթամյեայ պատանի էր պատրաստ Հրանդ Տինքին սպանել, եւ չէ՞ք վախենում արդեօք այդ հեռանկարից։
Կարծում եմ, որ յետայսու դժուար է խօսել միմեանց հանդէպ վստահութեան մասին։ Այսրկովկասեան կանանց երկխոօսութեան հայկական մասնաճիւղը, որի ղեկավարը լինելու պատիւն ունեմ, ցաւով գտնում է, որ ձեր կողմից գլխաւորուող Մարդու իրաւունքների յանձնախումբը չի կարող վստահելի գործընկեր լինել, եւ ստիպուած է դադարեցնել համագործակցութիւնը մի կազմակերպութեան հետ, որին չի վստահում։
Հրանոյշ Խառատեան
Հ.− Իսկ հաւանակա՞ն է, որ Տինքի սպանութիւնը առընչութիւն ունենայ այդ ամբողջ գործընթացի եւ ձեր նշած սպառնալիքներուն հետ։
Պ.- Ես չեմ կարծում։ Դէ, սկզբունքօրէն Թուրքի համար սպառնալիքի լեզուն նոր չէ. նոյն Իրաքի, Սիրիայի հետ յարաբերութիւնների «կարգաւորումը»՝ ապրանքաշրջանառութիւն, տնտեսութիւն, եղբայրութիւն, աւարտուեց սպառնալիքների կիրառմամբ, ընդ որում դրանք այն երկրներն էին, որոնց Թուրքիան ժողովրդավար էր համարում, եւ դրանց նախագահները նոյն մարդիկ էին՝ Ասատը, Հուսէյնը, որոնց յետոյ Թուրքիան համարեց բռնակալներ՝ հէնց նոյն Էրտողանը… Այնինչ մեզ օրինակ էին բերում այդ երկրները, թէ ինչ բարիդրացիական յարաբերութիւններ են նրանց հետ… Դա շատ հեռու չէր նաեւ 93-94ի այն դէպքերից, երբ Տերսիմում Թուրքերը ամբողջ գիւղական բնակավայրեր աւերեցին եւ բոլորովին անմեղ մարդկանց կա՛մ սպաննեցին, կամ տեղահանեցին, եւ մինչեւ հիմա այդ գիւղական բնակավայրերը մնում են աւերուած վիճակում։ Այդ Թուրքիան այսօր ասում է՝ Ասատը իր անմեղ քաղաքացիների դէմ ուժ է կիրառում, ուստի ինքը չի կարող Թուրքիային բարեկամ լինել։ Էլ չշարունակեմ բոլորովին թարմ դէպքերի մասին, երբ քուրդ ահաբեկիչներին ջարդելու անուան տակ խաղաղ բնակիչներ են սպանւում… Բայց ես Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականութեան նկարագիրը չէ որ ուզում եմ տալ, այլ պարզապէս ընդգծում եմ, որ հարեւանների հետ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու թուրքական ծրագիրը նոյնիսկ 10 տարուայ փորձութեանը չդիմացաւ։
Հարցազրոյցը վարեց՝
ՏՈՐՔ ԴԱԼԱԼԵԱՆ
«Նոր Յառաջ»
(Շար. 2)