Գաա-ն առաջարկում է Հայսեյսմշին եւ կառոյցների պահպանութեան գիտահետազօտական ինստիտուտը Գաա-ի համակարգ տեղափոխել


Գաա-ն առաջարկում է Հայսեյսմշին եւ կառոյցների պահպանութեան գիտահետազօտական ինստիտուտը Գաա-ի համակարգ տեղափոխել

  • 23-11-2011 20:19:20   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Նոյեմբերի 23-ին ընդլայնուած նիստում ՀՀ ԳԱԱ նախագահութիւնը որոշել է դիմել ՀՀ կառավարութեանը` առաջարկելով ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեան համակարգում գտնուող Հայսեյսմշին եւ կառոյցների պահպանութեան գիտահետազօտական ինստիտուտը պետական մասնաբաժնով ՀՀ ԳԱԱ համակարգ տեղափոխել: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, առաջարկւում է նաեւ ինստիտուտի բազայի վրայ սեյսմակայուն շինարարութեան գիտահետազօտական եւ փորձարարակոնստրուկտորական հանրապետական կենտրոն ստեղծել: Նպատակն է ինստիտուտի հիմքի վրայ ստեղծել սեյսմակայուն շինարարութեան միջազգային մակարդակի գիտական հետազօտական կենտրոն, որը կը զբաղուի ոլորտի հիմնախնդիրների հետազօտութիւններով` համագործակցելով համապատասխան մասնագիտացուած կառոյցների եւ կազմակերպութիւնների հետ: Մինչ որոշում կայացնելը երկրաշարժագիտութեան, սեյսմակայուն շինարարութեան բնագաւառի մասնագէտ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյեանը ներկաներին ներկայացրել է «Հանրապետութիւնում կառուցուածքների սեյսմակայունութեան եւ սեյսմակայուն շինարարութեան բնագաւառում կատարուող գիտական հետազօտութիւնների մասին» զեկոյցը: Ելոյթներով հանդէս էն եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը, ՀՀ ԳԱԱ ակդեմիկոս Բորիս Կարապետեանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեւադա Յովհաննիսեանը, գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Սուրէն Դարբինեանը, Սեյսմակայուն շինարարութեան հայկական ասոցիացիայի նախագահ Միքայէլ Մելքումեանը, Հայաստանի ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանը, «Հայնախագիծ» ընկերութեան տնօրէն Գրիգոր Ազիզեանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան սեյսմիկ պաշտպանութեան ազգային ծառայութեան պետ Հրաչեայ Պետրոսեանը, Սեյսմակայուն շինութիւնների կենտրոնի պետ Զաւէն Խլղաթեանը: Ելոյթ ունեցողները նշել էն, որ ներկայումս հանրապետութիւնում ոչ մի գիտական կամ ուսումնական հաստատութիւնում կառուցուածքների սեյսմակայունութեան եւ սեյսմակայուն շինարարութեան բնագաւառում հիմնարար, փորձարարական, նպատակային, ծրագրաւորուած գիտական լայն մասշտաբային հետազօտութիւններ չէն իրականացւում: Եւ այս ամէնը տեղի է ունենում հանրապետութիւնում նոր թափ ստացած շինարարութեան եւ, յատկապէս, բարձրայարկ շէնքերի շինարարութեան ծաւալների աճի, ճանապարաշինութեան, ջրային տնտեսութեան, հիդրոտեխնիկական եւ էներգետիկական համակարգերի նոր` ոչ աւանդական օբյեկտների նախագծման ու շինարարութեան պայմաններում: Սրանով է պայմանաւորուած առաջարկուող կենտրոնի ստեղծումը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ