Նախատեսւում է աւարտական տեսքի բերել աւագ սպաների համար նախատեսուած հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը
24-11-2011 10:48:15 | Հայաստան | Հասարակութիւն
Նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երեւանում է գտնւում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով Նատօ-ի հովանու ներքոյ ձեւաւորուած միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկուած էն Ամերիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտուայի, Ռումինիայի, Շուեյցարիայի, ինչպէս նաեւ Նատօ-ի ռազմական եւ քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:
Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան վարչական համալիրում կազմակերպուած ընդլայնուած կազմով քննարկումներն անցան պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի եւ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի ղեկավարութեամբ: Միջազգային փորձագիտական խմբի եւ ԱՄՆ փոխդեսպան Բրիւս Դոնահիւի մասնակցութեամբ կայացած այս հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի պետ, պաշտպանութեան նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջեանը ներկայացրեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագիծը, որի վերաբերեալ ներկաները տուեցին իրենց հարցերն ու մեկնաբանութիւնները: ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ռազմավարական մակարդակում ռազմական եւ պաշտպանական անվտանգային կրթութիւն իրականացնող գիտակրթական այսօրինակ հաստատութեան ստեղծումը: Նա ընդգծեց հայաստանեան կողմի պատրաստակամութիւնը` Ամն-ի գործընկերների հետ շարունակելու համագործակցութիւնն այս ծրագրի շրջանակներում: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչութիւնը պատրաստ է անհրաժեշտ գիտակրթական եւ կազմակերպական աջակցութիւն ցուցաբերել Պաշտպանական ազգային համալսարանի ձեւաւորման գործընթացում:
Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը փորձագիտական խմբի հետ հանդիպեց ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը` ներկայացնելով ռազմակրթական բարեփոխումների ոլորտում պաշտպանութեան նախարարութեան արձանագրած առաջընթացը եւ փորձագիտական խմբի ուշադրութիւնը բեւեռելով ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման ուղղութեամբ ընթացող աշխատանքների, ուսումնակրթական ծրագրերի վերանայման, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման գործում կադրային կառավարման եւ կրթական ծրագրերի փոխկապակցման եւ մի շարք այլ հարցերի վրայ:
Միջազգային փորձագիտական խմբի այցի արդիւնքում նախատեսւում է աւարտական տեսքի բերել աւագ սպաների համար նախատեսուած հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, համաձայնեցնել դասախօսների վերապատրաստման, ուսումնանիւթական բազայի արդիականացման եւ դասաւանդուելիք առարկաների բովանդակութեան հետ կապուած հարցերը: Պայմանաւորուածութիւն ձեռք կը բերուի նաեւ Գործընկերութիւն յանուն խաղաղութեան ծրագրի շրջանակներում ներկայումս մշակուող սերժանտական կազմի համընդհանուր եւրոատլանտեան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մասնակցութեան վերաբերեալ: