Էներգիայի նախարար ճրտգ. Նամջու. «Միշտ էլ հպարտութեամբ եմ խօսել իրանահայութեան մասին»


Էներգիայի նախարար ճրտգ. Նամջու. «Միշտ էլ հպարտութեամբ եմ խօսել իրանահայութեան մասին»

  • 26-11-2011 15:46:39   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
2011 թւականի նոյեմբերի 21-ի երեկոյեան, էներգիայի նախարարանիստ բարձրայարկ շէնքում, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորին դիմաւորեց Իրանի էներգիայի նախարար ճրտգ. Նամջուն: Հանդիպման օրակարգը Հ. Մ. «Սիփան» միութեան եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան մօտ առաջացած դժւարութիւններն էին: Սրանից շուրջ մէկ շաբաթ առաջ պրն. Վարդանեանը յիշեալ միութիւնների վարչութիւնների կողմից տեղեկացւեց պատկան կառոյցների ջրի հոսանքի դադարեցման ու դրա վերամիացման հետ կապւած նիւթական վիճայարոյց վճարումների մասին: Ցաւալին այն էր, որ շրջանի պատկան պատասխանատուները հաշւեցոյցների մէջ ներկայացւած պարտքերի մարման հետ էին շաղկապել ջրի հոսանքի վերամիացումը: Հետեւաբար` համայնքում աշխատող մեր երկու անփոխարինելի կառոյցների բնականոն աշխատանքներն էին խանգարւել, ապարդիւն էին մնացել սրտցաւ ղեկավարների խնդրի լուծման համար կատարւած հետապնդումները, քանի որ օրինական սահմանափակումները մատնանշելով ջրի եւ կոյուղու կազմակերպութեան թաղային պատասխանատուները յստակօրէն կառչած էին մնացել օրէնքի տառին ու դրա աներկբայ գործադրման տեսակէտին: Ճրտգ. Գէորգ Վարդանեանը, պրն. նախարարին ու հանդիպմանը ներկայ նրա տեղակալներին ցաւ յայտնեց, որ գործող պատասխանատուները օրէնքի տառին նայելով` մոռանում են դրա ոգին, նա կարեւորութեամբ ընդգծեց օրէնսդիրի կողմից ամենայն բծախնդրութեամբ օրինագծերում տառի կողքին տեղադրւած ժողովրդին պաշտպանելու համոզումն ու հրամայականը: Էներգիայի նախարար պրն. Նամջուն, իր հերթին, ցաւով ընդունեց այն իրականութիւնը, որ յիշեալ դէպքում դժբախտաբար գործադիրը իր իրաւասութեան սահմաններն ի նկատի առնելով` չի յաջողել գործընթացը բարւոք տնօրինելու եւ աւելացրեց` համոզւած է, որ մարզա-մշակութային կենտրոնների նկատմամբ հարկաւոր է ուշադիր վերաբերմունք դրսեւորել: Ճրտգ. Նամջուն յիշելով իրանահայութեան կատարած ծառայութիւնները` երկրի բարգաւաճման գործընթացում, յայտարարեց, թէ ինքը միշտ էլ հպարտութեամբ է խօսել Իրանի մեծ ընտանիքի այս արժանաւոր զաւակների մասին: Հանդիպմանը ներկայացւած հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի պահանջը` «Սիփան» միութեան եւ «Արարատ» մարզաւանի ջրի հոսանքի անմիջապէս վերամիացման համար եւ հաշւեցոյցների համապատասխանեցումը մեր իրականութիւններին, բաւարարւեց պրն. Նամջուի կողմից: Նա համապատասխան հրահանգներն արձակեց հոսանքի վերամիացնելու եւ առկայ խնդիրները բանակցութեամբ տնօրինելու այնպէս, որ յարմար կը լինեն ենթակաների իրականութիւններին` յատուկ զեղչերի կիրառմամբ: Հանդիպումն աւարտւեց ջերմ մթնոլորտում եւ երկկողմ բարեմաղթանքներով: Ուրախ ենք տեղեկացնելու, որ ըստ գրասենեակիս փոխանցւած տեղեկութիւնների` աւելի շուտ քան հանդիպումից 48 ժամ անց արդէն վերամիացւած է ջրի հոսանքը` Թեհրանի մեր այս երկու սիրելի կենտրոններում եւ բանակցութիւններն ընթացքի մէջ են: Յաջողութիւն բոլորիս: Հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակ «ԱԼԻՔ» օրաթերթ 26 նոյեմբերի 2011 թ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը