Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլը պարգեւատրուել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
28-11-2011 18:59:26 | Հայաստան | Հասարակութիւն
Նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 28-ին հիւրընկալել է Մոսկուայի եւ համայն Ռուսիոյ Պատրիարք Նորին Սրբութիւն Կիրիլին եւ ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նախագահը ողջունել է Նորին Սրբութիւն Կիրիլ Պատրիարքի գլխաւորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատուիրակութեան այցը Հայաստան եւ յոյս յայտնել, որ այն կը ծառայի Հայաստանեայց Առաքելական եւ ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ եղբայրական յարաբերութիւնների առաւել ամրապնդմանը: Հանրապետութեան ղեկավարը բարձր է գնահատել Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կ'իրիլի ջանքերը` ուղղուած հասարակութեան մէջ բարոյականութեան եւ հոգեւոր արժէքների ամրապնդմանը: Սերժ Սարգսեանի խօսքով, Կիրիլ Պատրիարքի կեանքն ու գործունէութիւնը հայրենիքին եւ ռուս Ուղղափառ եկեղեցուն ծառայելու շատ լաւ օրինակ էն:
Նախագահ Սերժ Սարգսեանի նոյեմբերի 28-ի հրամանագրով, Հայաստանի եւ ռուսաստանի ժողովուրդների աւանդական բարեկամութեան խորացման, Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու միջեւ կապերի ամրապնդման, հոգեւոր արժէքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Նորին Սրբութիւն Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդեաեւ) պարգեւատրուել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Հանդիպման ժամանակ Հանրապետութեան ղեկավարը պետական պարգեւը յանձնել է Նորին Սրբութիւն Կիրիլ Պատրիարքին:
Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ իր համար մեծագոյն հաճոյք է այցելել քրիստոնէութեան հնագոյն օրրան` Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հիւրընկալւում: Նա պատահական չի համարել այսօր մեկնարկած խաղաղասիրական հանդիպման անցկացումը Հայաստանում, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է ԱՊՀ միջկրօնական խորհրդի համահիմնադիրներից մէկը, ով ակտիւ մասնակցութիւն է ցուցաբերում բանակցութիւններին, ինչպէս նաեւ նկատի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի կեանքում:
Կիրիլ Պատրիարքը շնորհակալութիւն է յայտնել Նախագահ Սերժ Սարգսեանին եւ ամենայն Հայոց Կաթողիկոսին` ԱՊՀ միջկրօնական խորհրդի նախագահութեան նիստի անցկացմանն աջակցութեան համար եւ մաղթել Աստծոյ օրհնութիւնը աշխատասէր հայ ժողովրդին, բարգաւաճում` Հայաստանին եւ յաջողութիւններ Հանրապետութեան ղեկավարին` իր կարեւոր եւ պատասխանատու աշխատանքում: