Սերժ Սարգսեանն ընդունել է Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդներին
28-11-2011 20:18:18 | Հայաստան | Հասարակութիւն
Նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 28-ին հիւրընկալել է ԱՊՀ միջկրօնական խորհրդի նախագահութեան նիստի շրջանակներում Երեւանում գտնուող Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէին եւ ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Հանրապետութեան ղեկավարը բարձր է գնահատել միջկրօնական համաձայնութեան դերն ամբողջ աշխարհում, կարեւորել տարածաշրջանում հանդուրժողականութեան մթնոլորտի ձեւաւորումը եւ համոզմունք յայտնել, որ կրօնական առաջնորդները կարող էն շատ մեծ դեր ունենալ այդ գործում: Սերժ Սարգսեանը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի ջանքերը` ուղղուած երկխօսութեան միջոցով հակամարտութեան լուծմանն աջակցելուն:
Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն նշել է, որ ցանկացած քայլ դէպի խաղաղութիւն իրենց` կրօնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահութիւն է յայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիւ հնարաւոր կը լինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգեւոր առաջնորդները պատրաստ էն սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի Նախագահի հետ իր զրոյցներում եւս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող: